Կարծիքներ

Ադրբեջանին հարկավոր չէ լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանին հարկավոր չէ լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի ժնևյան հանդիպումից հետո Ադրբեջանի ռազմավարությունը որեւէ փոփոխություն չի կրել: Ադրբեջանը փորձում է սահմանային լարվածության միջոցով բանակցային գործընթացը տանել հօգուտ իրեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով` Ադրբեջանը չի էլ փորձում լուրջ քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար, քանի որ դա իրեն այս պահին հարկավոր չէ: «Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա: Ադրբեջանը որևէ մոտիվացիա չունի այն փոխելու»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների գործողություններին՝ Իսկանդարյանը նշեց, որ նրանք զբաղվում են ոչ թե հակամարտության կարգավորմամբ, այլ ավելի շատ հակամարտության մենեջմենթով, նպատակ հետապնդելով նվազեցնել բռնությունները, վստահության մեխանիզմներ ստեղծել եւ այլն:

Բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերությունում ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը փաստեց, որ երբ Ադրբեջանը փոխի իր ռազմավարությունը, դա անպայման նկատելի կլինի, ինչ-որ բանով կարտահայտվի: «Ժնեւյան հանդիպումից հետո ես Ադրբեջանի կողմից ռազմավարության փոփոխություն չեմ տեսնում: Փաստն այն է, որ Ադրբեջանը շարունակում է իր նախկինում վարած քաղաքականությունը»,-հավելեց բանախոսը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են Ժնևում հոկտեմբերի 16-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում