Մեքսիկայի հայերը տարբեր ոլորտներում առաջատար մասնագետների թվում են

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երաժիշտներ, հեռուստամեկնաբաններ, կոշիկի, գորգերի արտադրությամբ զբաղվողներ, գիտնականներ. Մեքսիկայում տարբեր ոլորտներում տեղի հայերը առաջատար մասնագետների թվում են: Մեքսիկայի հայ համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանությանը հաջորդող տարիներին. սկզբնական փուլում Մեքսիկայում հաստատված հայերի մեծ մասը վերապրածներ էին, որոնք ապաստան էին փնտրում: Նրանց թվում էին նաև ԱՄՆ մեկնել ցանկացող գաղթականները: Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչ, Մեխիկոյի Հիշողության և հանդուրժողականության թանգարանի աշխատակցուհի Սոնյա Առաքելյանի խոսքով, Մեքսիկայում հայերի թիվը տարբեր ժամանակներում տարբեր է եղել, սակայն գրեթե միշտ հայերը փոքրաթիվ համայնք են ունեցել: Տեղի հայերի թիվն այսօր էլ 1500-ից չի անցնում:

«Նրանցից շատերը եկել են Թուրքիայի տարբեր մասերից՝ Ադանա, Վան, Կարս, Բիթլիս և այլ շրջաններ: Այդ տարիներին շատերը զբաղվել են կոշիկի արտադրությամբ կամ առևտրով: Իմ մորական կողմից պապիկը՝ Լևոն Բոդոսյանը ևս ունեցել է կոշիկի խանութ, իսկ իմ հորական կողմից պապիկը՝ Քերոփ Առաքելյանը, սկսել է աշխատել որպես ատաղձագործ, շուտով փոխել է իր գործը և իմ հոր հետ հիմնել երկրում խոշոր խաղալիքների խանութներից մեկը՝ «ARA TOY STORES»-ը:

Մեքսիկայում մնացած հայերից շատերը հիմնել են իրենց սեփական գործը: Մեքսիկան իրենց ընդունեց գրկաբաց և սեփական կյանքը դասավորելու հնարավորություն տվեց»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում պատմեց Սոնյա Առաքելյանը:

Ներկայում Մեքսիկայում հայ համայնքը ցրված է: Հայերի հիմնական մասն ապրում է Մեխիկո քաղաքում: Լինելով ցրված համայնք՝ այն չի ունեցել դպրոց, մշակույթի տուն, ազգային որևէ կառույց: Լեզվի պահպանության հիմնական պատասխանատվությունն ընտանիքներինն է: Նրանք, ովքեր խոսում են հայերեն, դա իրենց տատիկների, պապիկների, ծնողների շնորհիվ է: Ամեն դեպքում լեզվի պահպանությունն այսօր համայնքի օրակարգային հարցերից է: Սոնյա Առաքելյանը նկատում է, որ իր սերնդակիցներից շատերը չեն խոսում հայերեն և նրանց մի մասն ամուսնացած է ազգությամբ ոչ հայերի հետ:

Չնայած փոքրաթիվ լինելուն, ինչպես նաև չկազմակերպվածությանն, ամեն դեպքում տարբեր ժամանակներում, տարբեր ոլորտներում հայերն առաջատար մասնագետների թվում են: Մեքսիկայի նշանավոր հայերից են գործարարներ Ս.Պալույանը և Շ.Քրդիկյանը, ճարտարագետ Ջ.Նշանյանը, Մեխիկոյի Ազգային համալսարանի դասախոսներ` ֆիզիկոս Շ.Հաճյանը, արվեստաբան, պարուհի Ա.Օհանյանը, աստղագետ դոկտոր Պ.Փիշմիշը (Փիշմիշյան), երաժիշտ Պ.Հյուսյանը և այլք: Մեքսիկայի ճանաչված հայերից է գիտնական Խոսե Սարուխանը, ում որդին ԱՄՆ-ում Մեքսիկայի դեսպանն է եղել:

Ինչ վերաբերում է այն հայերին, ովքեր Մեքսիկա են եկել անկախությունից հետո, ապա նրանց թիվը մոտ 500 է: Ոմանք դասական երաժշտության մասնագետներ են, ոմանք գիտնականներ են, պրոֆեսորներ, որոնք աշխատում են տարբեր համալսարաններում: Շատերն ունեն սեփական բիզնեսը տարբեր ոլորտում՝ կոշիկի, գորգերի արտադրություն և այլն:

«Հայ համայնքը ֆորմալ առումով կազմակերպված չէ, այդուհանդերձ այս փոքրաթիվ և ցրված համայնքը հպարտ է իր հայկական ծագմամբ: Յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում նպաստում է այն գործին, որ Մեքսիկան իմանա, թե ովքեր են հայերը և ինչերի միջով են անցել: Հայերին համախմբելու հարցում մեծ դեր է կատարում Մեքսիկայում Հայաստանի դեսպանատունը, որը հիմնվել է 3 տարի առաջ: Այն իրականացրել է տարբեր միջոցառումներ, որոնք նպաստում են հայկական մշակույթի տարածմանը: Դա շատ կարևոր է: Դեսպանատունը խթանում է նաև ուսանողների փոխանակման ծրագիրը: Դիվանագիտական այս կառույցը կարևոր է ոչ միայն Հայաստան-Մեքսիկա մշակութային, տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար, այլև այն կապող օղակ է տեղի հայ համայնքի համար»,-ասաց նա:

Սոնյա Առաքելյանը ներկայում աշխատում է Մեխիկոյի Հիշողության և հանդուրժողականության թանգարանում, որը 7 տարի առաջ է բացվել: Այն շատ մեծ թանգարան է՝ ավելի քան 6000 քմ տարածքով: Այսօր այն ամենաշատ այցելություն ունեցող թանգարաններից է: Թանգարանի հիմնման նախագիծը ստեղծվել է հրեական համայնքի երկու ներկայացուցիչների նախաձեռնությամբ:

«11 տարի առաջ, երբ այն դեռ կառուցման փուլում էր, ես նրանցից մեկի՝ տնօրեն Շարոն Զագայի կողմից հրավիրվեցի իրենց հետ համագործակցելու: Այս թանգարանն ունի 7 բաժիններ, որոնք պատմում են տարբեր ժամանակներում տեղի ունեցած ցեղասպանությունների, այդ թվում հայերի ցեղասպանության մասին: Թանգարանի մեկ այլ հատված նվիրված է հանդուրժողականությանը եւ Մեքսիկայում Մարդու իրավունքների խախտումներին: Հայերին նվիրված սրահը փոքր է, սակայն միեւնույն ժամանակ բավական ազդեցիկ, 7 տարի անց ես հպարտ եմ՝ ասելով, որ ավելի քան 2 մլն 800 հազար այցելու ենք ունեցել, այցելուներից շատերը երբեւէ չէին լսել հայերի մասին, այսօր նրանք գիտեն»,-հավելեց նա:

2015 թվականին որոշվեց թանգարանում կազմակերպել ժամանակավոր ցուցադրություն՝ Հայոց ցեղասպանության թեմայով: Սոնյա Առաքելյանի խոսքով՝ այն մեծ հաջողություն ունեցավ, մեծ թվով այցելուներ եղան՝ պատգամավորներ, դերասաններ, ակտիվիստներ, գործարարներ, լրագրողներ: Չորս ամիս տևած ցուցահանդեսին 70 հազարից ավելի այցելու է գրանցվել: Ցուցահանդեսը ներկայացվել է նաև ԱՄՆ-ում:

Աննա Գզիրյան

Հայերեն English

Կենտրոնական բանկերը ներդրումային փորձագետների ուշադրության կենտրոնում․ Ամունդի-Ակբա

Կանխվել է քրեակատարողական ծառայողի կողմից ազատազրկված անձանց բջջային հեռախոսներ փոխանցելու փորձը

COP17-ը Հայաստանին հնարավորություն է տվել նոր կապեր հաստատել միջազգային գործընկերների հետ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Հրազդանում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պատգամավոր Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը Շիրակի մարզպետին ներկայացրել է «Գյումրու քաղաքային զարգացման» ծրագիրը

Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններից մի քանիսի աշխատանքը վերսկսվել է. ՌԴ փոխվարչապետ

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղությունները

Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն