Հարցազրույց

Արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումն ազատում է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից

5 րոպեի ընթերցում

Արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումն ազատում է ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցման արդյունքում ներդրված ծրագիրն ուղղակի ազդեցություն կունենա պետական մարմինների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների հասանելիության, որակի և արդյունավետության վրա: Ծրագրի մանրամասների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Պարոն Քրմոյան, արդարադատության և սոցիալական ոլորտների համակարգերի համակցումը ի՞նչ կտա ՀՀ քաղաքացիներին:

-ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Արդարադատության նախարարությունների հետ համատեղ իրականացված աշխատանքների արդյունքում ծննդյան նպաստների դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով` Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում: Ընդամենը մի քանի տարի առաջ քաղաքացին ստիպված էր մահվան կամ ծննդյան ակտերը գրանցելու և համապատասխան նպաստ ստանալու համար դիմել առողջապահական, արդարադատության մարմիններ, ՀՀ ոստիկանություն, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ինչը քաղաքացիների համար բարդ և ժամանակատար, որոշ դեպքերում կոռուպցիոն ռիսկերով համակցված գործընթաց էր: Ծրագրի ներդրման արդյունքում արդարադատության և սոցիալական ոլորտների էլեկտրոնային համակարգերի համակցումը կհանգեցնի վարչարարության նվազեցմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետական մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ քաղաքացիների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ժամանակի խնայողության ապահովմանը: Միաժամանակ, քաղաքացիներին հնարավորություն է ընձեռնվում պետության կողմից մատուցվող ծառայությունները ստանալ մեկ պատուհանից՝ խուսափելով ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից: Ավելի պարզ ասած` քաղաքացին ՔԿԱԳ մարմիններում գրանցելով ծնունդը նույն մարմնում դիմում կներկայացնի, թե որ հաշվեհամարին կամ բանկի որ մասնաճյուղում է ցանկանում ստանալ երեխայի ծննդյան նպաստը և սահմանված ժամկետում բանկային կազմակերպությունների միջոցով կստանա այն:

-Ե՞րբ առաջացավ համակարգերը համակցելու գաղափարը, և արդյո՞ք այն նախքան պաշտոնապես ներկայացնելը փորձարկվել էր:

-Համակարգերի մշակումն իրականացվել է Արդարադատության նախարարությունում իրականացված նորարարական գաղափարների մրցույթում հաղթող ճանաչված առաջարկներից մեկի իրագործման արդյունքում:

Համակցված համակարգը 2017թ. հունիսի 1-ից հաջողությամբ փորձարկվեց Երևան քաղաքի ՔԿԱԳ երկու տարածքային մարմիններում, իսկ այժմ այն գործում է ՀՀ մարզերի բոլոր ՔԿԱԳ բաժիններում: Բոլոր ՔԿԱԳ տարածքային մարմինների աշխատակիցներն անցել են վերապատրաստում և պատրաստ են էլեկտրոնային եղանակով ընդունել ծննդյան նպաստների դիմումները:

-Էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման ուղղությամբ այլ քայլեր առաջիկայում կատարվելո՞ւ են:

-Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային գործիքների ներդրման ջատագովներից է, և դրա վառ օրինակն է 2017–ին ներկայացված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքը, որն ապահովում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ առցանց հանրային քննարկում կազմակերպելու և քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված առաջարկները ամփոփելու գործուն մեխանիզմ՝ ուղղված կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, պետության իրավաստեղծ գործունեությանը հասարակության մասնակցության ապահովմանը, իրավական ակտերի նախագծերի մշակման առավել բաց, թափանցիկ և հաշվետու գործընթացի կազմակերպմանը: Նախարարությունը մշակել է նաև www.e-apostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգը, որի նպատակն է ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից փաստաթղթերի ապոստիլով վավերացման գործընթացի անցում էլեկտրոնային եղանակի: ՀՀ արդարադատության նախարարությունը գործարկել է թեժ գծի www.e-hotline.am կայքը, որի նպատակն է բարձրացնել Նախարարության ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակը և լուծել ոլորտային խնդիրները: Նախատեսում է ստեղծել լիցենզիաների էլեկտրոնային միասնական www.e-license.am գրանցամատյան, որի նպատակն է պետական մարմինների կողմից լիցենզիաների գրանցման համար վարվող գրանցամատյանների թվայնացումը և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի ներդնումը: Բացի այդ, ներկայում իրականացվում են www.e-notary.am էլեկտրոնային նոտար համակարգի արդիականացման աշխատանքներ, ինչի արդյունքում նոտարիատի բնագավառում քաղաքացիներին մատուցվող ծառայությունների զգալի մասը կմատուցվի էլեկտրոնային եղանակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում