Սփյուռք

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական է տվել

2 րոպեի ընթերցում

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Նախաձեռնող խմբի երեք անդամ հրաժարական են տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Նախաձեռնող խմբից հեռանալու մասին հայտարարել են խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը, անդամներ Անթո Քյոսեդաղը և Հաչիկ Ջանելը: Ուշագրավ է, որ այս հրաժարականները հաջորդել են Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինի հետ հանդիպմանը:

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական ժողովի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլուն, ինչպես նաև պատրիարքական ընտրության Նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը հոկտեմբերի 24-ին պաշտոնապես այցելել են Ստամբուլի նահանգապետարան՝ հանդիպելով նահանգապետ Վասիփ Շահինի հետ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը հայտնել էր, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ նահանգապետն ասել է, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի` պատրիարքական տեղապահ ընտրվելու փաստը: Առաջարկվել է 2 հոգևորականի` Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին և Սահակ եպիսկոպոս Մաշալյանին միասնաբար այս գործընթացը սկսել սկզբից:

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հանդիպմանը ներկա չի եղել, նա այս օրերին Գերմանիայում է: Այդուհանդերձ, Բեքչյանը հայտարարություն է տարածել նահանգապետարանում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ:

Հայտարարության մեջ պատրիարքական տեղապահը հայտնել է, որ կարճ ժամանակից կվերադառնա Ստամբուլ՝ ստանձնելու իր պարտականությունները: Նա հույս է հայտնել վերադառնալուց հետո անձամբ հանդիպել նահանգապետի հետ և պատրիարքի ընտրության հարցի վերաբերյալ իր տեսակետներն անձամբ փոխանցել նրան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում