Մշակույթ

Իսրայելի նախագահի նստավայրում Ազնավուրին հեղինակավոր պարգև է շնորհվել

2 րոպեի ընթերցում

Իսրայելի նախագահի նստավայրում Ազնավուրին հեղինակավոր պարգև է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի նախագահի նստավայրում տեղի է ունեցել ֆրանսահայ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի պարգևատրման արարողությունը՝ Ազնավուրի ընտանիքի կողմից Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների և մյուս ժողովուրդների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով dailymail-ը, Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի մրցանակներ է հանձնել Շառլ Ազնավուրին և նրա քրոջը՝ Աիդային, ում պարգևը ստացել է Ազնավուրի որդին՝ Նիկոլասը:

Իսրայելի նախագահը նշել է, որ Ազնավուրի երաժշտության երկրպագուն է, մասնավորապես, ընդգծելով, որ «Լա Բոհեմ»-ն իր ամենասիրելի երգն է: Ռիվլինը շեշտել է, որ Ազնավուրի ընտանիքը Երկրորդ աշխարհամարտի տարիներին «թաքցրել է նացիստների կողմից հետապնդվող մի շարք մարդկանց, իսկ նրա քույր Աիդան ներգրավված է եղել փրկարարական աշխատանքներում»:

Ազնավուրը շնորհակալություն է հայտնել Ռաուլ Վալենբերգի անվան հիմնադրամին՝ պարգևի համար, իսկ Իսրայելի նախագահին՝ ընդունելության համար: Աշխարհահռչակ շանսոնիեն նաև հետաքրքրվել է, թե ե՞րբ է ի վերջո Իսրայելը ճանաչելու Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով, որ հրեաներն ու հայերն ունեն շատ ընդհանրություններ:

Ի պատասխան՝ Ռեուվեն Ռիվլինն ասել է, որ դա քաղաքական հարց է, և իր՝ Քնեսեթի պատգամավոր ու այնուհետև նաև նախագահ աշխատած ժամանակաշրջանում յուրաքանչյուր տարի հարցն Իսրայելի խորհրդարանում բարձրացրել են, հիշատակել են Հայոց ցեղասպանության օրը, և ինքն էլ 2015 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից բավական հստակխոսել է1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում