Քաղաքականություն

Ստորագրվեցին հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր

2 րոպեի ընթերցում

Ստորագրվեցին հայ-ռուսական փոխգործակցության տարբեր ոլորտներին վերաբերող  մի շարք փաստաթղթեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այսօր կառավարությունում մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, որոնք վերաբերել են կապի և հաղորդակցության, արտակարգ իրավիճակների ոլորտներին, ինչպես նաև երկու երկրների տարաշածրջանների միջև համագործակցությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնությանն կառավարությունների միջև Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիրն ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՌԴ տանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ՌԴ տրանսպորտի նախարարությունների միջև ստորագրվել է նաև Հայաստանի Հանարպետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռոումինգում միջազգային էլեկտրակապի ծառայության սակագների նվազեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որը ստորագրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՌԴ Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության միջև ստորագրվել է Արտադրական անվտանգության կանոնակարգման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և Էկոլոգիական, տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսեյ Ալյոշինը:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և ՌԴ Սարատովի մարզի կառավարության միջև մտադրությունների մասին արձանագրությունը ստորագրել են ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը և Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում