Կարծիքներ

Միջնորդների ու հայկական կողմի դիրքորոշումների համահունչ լինելն անհանգստացնում է Բաքվին. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

Միջնորդների ու հայկական կողմի դիրքորոշումների համահունչ լինելն անհանգստացնում է Բաքվին. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում լուրջ անհանգստացել են այն փաստից, որ հայկական կողմը վերջապես համաձայնություն է տվել նախագահների մակարդակով նոր հանդիպմանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Բանակցային գործընթացի տրամաբանությունը Ադրբեջանի համար բավական լուրջ անհարմարության պատճառ է եղել: Ագրեսիվ գործունեությամբ, բանակցային գործընթացը խոչընդոտելով` Ադրբեջանը հասել է նրան, որ միջնորդների ու հայկական կողմի դիրքորոշումը դարձել է շատ համահունչ, բանակցային գործընթացում էլ Ադրբեջանին պարտադրվում են լուրջ գործողություններ: Այս գործողությունները կատարելու պարագայում նախագահ Ալիևի համար քաղաքական շահարկումները որոշակի սահմանափակվում են, նա ստիպված է լինելու գործել մի տրամաբանության մեջ, որի արդյունքը կարող է լինել խաղաղությունը»,-ասաց քաղաքագետը:

Հիմա, երբ կա հայկական կողմի համաձայնությունը բանակցությունը վերսկսելու, ըստ քաղաքագետի, Ալիևը փորձում է ամեն ինչ անել բովանդակային քննարկումներից խուսափելու համար: Տանում է նրան, որ քննարկվի ոչ թե հակամարտության պրոցեսը, այլ որոշակի դետալներ: Դրա համար հանդես է գալիս սուր քննադատությամբ, սահմանին սրում է իրավիճակ:

«Դրա համար էլ հայկական կողմը փորձում է հասկացնել, որ եթե հարցը վերաբերում է համբերությանը, ապա մենք հետևողականորեն շարունակելու ենք մեր շահերն առաջ տանել` առանց ուշադրություն դարձնելու Ալիևի սադրիչ գործողություններին»,-ասաց քաղաքագետը:

ՀՀ նախագահականն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ադրբեջանի նախարարների խորհրդի հոկտեմբերի 9-ի նիստում հնչեցրած հայտարարություններին: ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը նշել է, որ բոլորին վաղուց հայտնի է, որ բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Ադրբեջանի ղեկավարությունը դիմում է սադրանքների՝ փորձելով պղտորել մթնոլորտը։ Սակայն, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի տարբեր նախագահների հոխորտանքները հօդս են ցնդել՝ բախվելով Արցախի ժողովրդի անբեկանելի կամքին եւ կայացած Արցախի Հանրապետության իրողությանը: Նա ընդգծել է, որ վերջին հայտարարություններն այդ շարքից էին՝ միակ տարբերությամբ, որ այդ սադրանքն իրականացվել է Բաքվի կենտրոնում, այլ ոչ թե Արցախի հետ շփման գծում կամ Հայաստանի հետ սահմանին։

Բաքուն, սակայն, սադրանքների գնաց նաև սահմանին: ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 10-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային Չապլին Արմենի Մարգարյանը (ծնված 1998թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում