Կարծիքներ

Հայկական բանակը ուժեղանում է` կանխելով ագրեսիան. Վաղարշակ Հարությունյան

2 րոպեի ընթերցում

Հայկական բանակը ուժեղանում է` կանխելով ագրեսիան. Վաղարշակ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներկու հազար զինծառայողից բաղկացած անձնակազմ, 1500-ից ավելի զրահատեխնիկա և տեխնիկա, 50-ից ավելի թռչող սարքեր. ՀԱՊԿ-ի ծրագրի համաձայն՝ հոկտեմբերի 6-ից կանցկացվեն լայնամասշտաբ զորավարժություններ: Ինչպես «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, զորավարժությունները կանցկացվեն 4 պետության տարածքում՝ Ռուսաստան, Հայաստան, Ղազախստան, Տաջիկստան: Մասնակցելու են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները: Նպատակն է բարելավել ՀԱՊԿ կազմակերպության ղեկավարման համակարգը:

«Ինչպես գիտեք ՀԱՊԿ կանոնադրությունն է ասում` կանխել ագրեսիան անդամ պետությունների հանդեպ: Ահա այս համատեղ զորավարժությունը, որի անվանումն է «Մարտական եղբայրություն 2017» անցկացվելու է մի քանի փուլերով: Հայաստանում մի փուլն է անցկացվելու, մասնակցելու են հետախուզական ստորաբաժանումներ, վերջերս ձևավորված խմբավորումը, օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերը և այլն: Վերջին փուլը անցկացվելու է Տաջիկստանում»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը:

Զորավարժություններին ներկա է լինելու ՀԱՊԿ-ի ղեկավարությունը, քարտուղարությունը, Կարմիր խաչը:

Լրագրողների այն հարցին, թե այս զորավարժություններով պայմանավորված արդյոք Ադրբեջանի մոտ կա անհանգստություն, Վաղարշակ Հարությունյանը նշեց, որ կա և դա բնական է:

Վաղարշակ Հարությունյանի խոսքով, այս զորավարժությունները վկայում են այն մասին, որ ռազմական համագործակցությունն ամենաբարձր մակարդակի վրա է:

«Մեր նպատակը հետևյալն է` զարգացնել մեր բանակը, իսկ այդ համատեքստում այսպիսի զորավարժությունները շատ կարևոր են: Այդ ժամանակ ուսումնասիրվում են տարբեր հարցեր, բարձր պատրաստվածության են բերվում զորքերը` ագրեսիայի դեպքում ճիշտ գործելու համար: Այնպես, որ հայկական բանակն ուժեղանում է` կանխելով ագրեսիան»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում