Լևոնն այս տարի շատ տպավորիչ խաղ է ցուցադրում. Հրանտ Մելքումյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականների անդամներ Հրանտ Մելքումյանը և Մարիա Գևորգյանը խոսել են Լևոն Արոնյանի` շախմատի աշխարհի գավաթակիր դառնալու մասին:

«Շատ ուրախ եմ Լևոնի հաղթանակի համար: Այս տարի նա շատ ոգևորիչ խաղ է ցուցադրում: Հույս ունեմ, որ կկարողանա այսպես շարունակել մինչև հավակնորդների մրցաշարը, որտեղ կկարողանա նույնպես հաղթել: Չինացին շատ ուժեղ շախմատիստ է և բարձր մակարդակի շախմատ է խաղում: Կարևորը Լևոնի հաղթանակն էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Մելքումյանը:

Հայաստանի կանանց չեմպիոն Մարիամ Գևորգյանի խոսքով՝ ինքն առաջին պարտիայից սկսած հետևում էր Լևոնի խաղին: «Շատ եմ կարևոըում Լագրավի դեմ տարած հաղթանակը: Բոլորիս համար կարևոր խաղ էր: Հենց դրանից հետո մտածում էի, որ Լևոնը գավաթակիր կդառնա: Արոնյանն արագ շախմատում անգերազանցելի է: Չեմ կարծում, թե Լիժենը հավասար մրցակից չէր. եզրափակիչում երկուսն էլ ունեին նույն հնարավորությունները հաղթանակի հասնելու համար»,-շեշտեց Գևորգյանը:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր: Թբիլիսում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն ավարտվեց: Եզրափակիչում Արոնյանը մրցում էր չին շախմատիստ Դին Լիժենի հետ: Դասական 4 պարտիաներից հետո շախմատիստներն ունեին 2-ական միավոր և որոշիչ եղավ թայ-բրեյքը: Արագ շախմատի առաջին պարտիայում Արոնյանը սպիտակներով գերազանցեց մրցակցին: Երկրորդ պարտիայում ևս Արոնյանը հաղթեց: Հավաքելով 4 միավոր՝ Արոնյանը 12 տարի անց կրկին դարձավ աշխարհի գավաթակիր: Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով շահում է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Մրցաշարն անցկացվում էր, այսպես կոչված, «նոկաուտ» համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս էր մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում էին 128 շախմատիստ: Արոնյանը իրավունք է ստացել մասնակցելու 2018 թվականի մարտի 10-28-ը Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին: Լևոն Արոնյանը աշխարհի գավաթակիր էր դարձել դեռևս 2005 թվականին: Հայ գրոսմայստերը շախմատային օլիմպիադայի եռակի, շախմատի աշխարհի թիմային առաջնություն հաղթող է:

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից