Հասարակական

Թերի Ջորջը և Էրիկ Էսրաիլյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

2 րոպեի ընթերցում

 Թերի Ջորջը և Էրիկ Էսրաիլյանը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ու պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը սեպտեմբերի 23-ին այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հյուրերին ուղեկցել են Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներ:

«Այս այցը ամփոփում է այն ամենը, ինչի շուրջ աշխատել եմ վերջին չորս տարիների ընթացքում: Սա «Խոստումը» ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում ամենազգացմունքային պահն է, այս նախագծի ամենակարևոր պահը»,- ասել է Թերի Ջորջը:

Նա և Էսրաիլյանը մեկ րոպե լռությամբ հարգել են Ցեղասպանության նահատակների հիշատակը, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ: Բացի այդ, նրանք ծառ են տնկել Հիշատակի ծառուղում՝ ի հիշատակ Քըրք Քըրքորյանի, ում շնորհիվ հնարավոր եղավ նկարահանել ֆիլմը:

«Այս ծառը խորհրդանշում է հայոց պատմության հարաճուն բնույթը: Քըրք Քըրքորյանը ցանեց սերմը, և ես, Թերին, Մայք Մեդավոյը պատիվ ունեցանք աշխատել անհավատալի անձնակազմի ու անձանց հետ՝ կիսելու այս պատմությունը ողջ աշխարհի հետ: Մենք չպետք է թույլ տանք աշխարհին մոռանալ մեր անցյալը և պետք է առաջ շարժվել՝ օգնելով նրանց, ովքեր ունեն դրա կարիքը: Քըրքորյանի ցուցումներով մենք նրա ցանկությունները վերածեցինք ֆիլմի: Այսօր, մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրա ու 100 տարի առաջ զոհվածների հիշատակին»,- ասել է Էսրաիլյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում