Թուրքիայի քրդերը և ժողովրդավարական ուժերը կողմ են Իրաքի Քուրդիստանում անցկացվելիք հանրաքվեին
2 րոպեի ընթերցում
![Թուրքիայի քրդերը և ժողովրդավարական ուժերը կողմ են Իրաքի Քուրդիստանում անցկացվելիք հանրաքվեին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/906109.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ներքին քաղաքականության մեջ քրդական հարցի վերաբերյալ կոշտ դիրքորոշում էր որդեգրել, և այդ դիրքորոշումը շարունակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խոսելով Իրաքի Քուրդիստանում անցկացվելիք հանրաքվեի մասին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ակադեմիկոս, գրող, հեռուստահաղորդավար Էրոլ Քաթիրջօղլուն:
«Իրաքի և Սիրիայի վերջին զարգացումները և քրդական շարժումները քրդական հարցը Թուրքիայի համար կարծես թե դարձնում են ոչ թե ներքին, այլ միջազգային հարց»,- նշեց Քաթիրջօղլուն: Նրա խոսքով՝ հենց սա է պատճառը, որ Թուրքիային գնալով անհանգստացնում են Իրաքի և Սիրիայի քրդական շարժումները:
«Վերջին ժամանակաշրջանում, կապված հանրաքվեի հետ, բավականին սպառնալից հայտարարություններ էր հնչեցնում կառավարությունը: Նույնիսկ Ազգային անվտանգության խորհրդի նիստը գումարվեց ժամանակից շուտ, որպեսզի զինվորականության հետ ճշտեն, թե հանրաքվեի կայացման դեպքում ինչ քայլեր են ձեռնարկելու: Թուրք հասարակության մեջ հանրաքվեի հետ կապված առկա են տարբեր դիրքորոշումներ: Կարող ենք ասել, որ Թուրքիայի քրդերը և ժողովրդավարական ուժերը կողմնակից են, որպեսզի հանրաքվե իրականացվի, սակայն հասարակության մյուս զանգվածը պաշտպանում է կառավարության տեսակետն առ այն, որ Հյուսիսային Իրաքում ստեղծվելիք քրդական պետությունը կարող է մեծ սպառնալիք ներկայացնել Թուրքիայի համար»,- ընդգծեց թուրք ակադեմիկոսը:
Նրա կարծիքով՝ ռազմական տեսանկյունից միջամտությունն այնքան էլ իրատեսական չէ, բայց Թուրքիան կփորձի նաև այնտեղ թուրքմենների առկայությունն օգտագործելով՝ միջամտել ինչ-որ դիվանագիտական ճանապարհներով: Թուրքիան հակաքրդական դիրքորոշում է որդեգրել, և երևում է, որ սա շարունակվելու է»,- եզրափակեց Էրոլ Քաթիրջօղլուն:
Ինքնավար Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին: