Քաղաքականություն

ՀԱՊԿ-ի առաջիկա խորհրդարանական վեհաժողովում Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնելու է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին

2 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ի առաջիկա խորհրդարանական վեհաժողովում Էդուարդ Շարմազանովը բարձրաձայնելու է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Լապշինն արձանագրեց այն, ինչ տարիներ շարունակ ասել է հայկական կողմը, այն, որ Ադրբեջանը հակաժողովրդավարական, ռասիստական պետություն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ ադրբեջանական բանտից ազատվելուց հետո սոցցանցի իր էջում կատարած առաջին գրառումը՝ նման դիտարկում արեց Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ադրբեջանը ոչ միայն հայատյաց, այլեւ առհասարակ հիվանդագին քաղաքականություն է վարում: Լապշինի արձանագրումները պետք է նաեւ որոշակի մեսիջ լինեն միջազգային հանրության համար. էլ չեմ ասում, որ օտարազգի քաղաքացուն ոչ միայն ձերբակալել են, այլեւ ծեծի են ենթարկել, տանջանքների եւ դա փորձել են ներկայացնել որպես ինքնասպանության փորձ: Սա ապացուցում է, որ Ադրբեջան պետությունը լիովին հիմնված է ստի եւ կեղծիքի գաղափարախոսության վրա»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:

Նա համեմատեց Ադրբեջանի ներկայիս քաղաքակությունը երիտթուրքական քաղաքականության հետ՝ ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը պետք է կանգնի իր ինքնապաշտպանական պայքարին, քանի որ Ադրբեջանի հաշվարկերում ոչինչ չի փոխվել:

«Սա արձանագրում է, որ 21-րդ դարում կա մի պետություն, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն որտեղ հիմնական գաղափարախոսությունը ռասիզմն ու հակահայկականությունն է»,-նշեց նա:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ ինչպես նախկինում, այդպես էլ այժմ տարբեր կառույցներում գործող հայկական պատվիրակությունները բարձրաձայնելու են Ադրբեջանի նման քաղաքականության մասին:

«Նույնը պատրաստվում ենք անել հոկտեմբերի 12-14-ն անցկացվելիք ՀԱՊԿ-ի խորհրդանական վեհաժողովի շրջանակում»- եզրափակեց նա:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում