Հասարակական

Ավստրիայի անտառատերերի եւ անտառկառավարողների այցը «Զիկատար» կենտրոն

3 րոպեի ընթերցում

Ավստրիայի անտառատերերի եւ անտառկառավարողների այցը «Զիկատար» կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի 2 երկրամասերի թվով 40 անտառատերեր եւ անտառկառավարողներ այցելել են Հայաստան, եղել հանրապետության տեսարժան վայրերում, նաեւ՝ Խոսրովի արգելոցի եւ Դիլիջանի անտառներում: Սեպտեմբերի 6-ը ավստրիացիների Հայաստան այցի վերջին օրն էր: Նրանք առավոտյան այցելեցին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղի արհեստի եւ արվեստի կենտրոն,ուր նրանց դիմավորեցին ավանդական աղուհացով: Ավստրիացիները ծանոթացան կենտրոնում ներկայացված նկարներին, ձեռքի գործերին: Ապա ավստրիացի անտառատերերը եւ անտառկառավարողները եղան Կողբ գյուղից 10 կմ հեռավորությամբ գտնվող, գեղատեսիլ, կուսական անտառում հառնող «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնում:

Անտառագետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը պատմեց 150 հա անտառային տարածք ունեցող «Զիկատար» կենտրոնի գործունեության մասին: Անտառագետ Հովիկ Սայադյանը ներկայացրեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Հողերի եւ անտառների կայուն կառավարում հյուսիս-արեւելյան Հայաստանի լեռնային լանդշաֆտների համար» ծրագիրը: Ավստրիացի հյուրերը շրջեցին «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի անտառներում, հիացան բնությամբ, եղան արհեստական լճակի մոտ, ծանոթացան հաճարենու փորձարարական հրապարակին: «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի անտառագետ Սեյրան Ազատյանը ներկայացրեց 1952 թ. ստեղծված, Հայաստանում եզակի այդ փորձահրապարակում կատարվող աշխատանքները: Ավստրիացի անտառատերերը եւ անտառկառավարողները հիացմունք հայտնեցին «Զիկատարի» բնության, ինչպես նաեւ՝ կազմակերպված հյուրասիրության վերաբերյալ: Հյուրասիրությունը շարունակվեց Կողբ գյուղում, երբ ավստրիացիները ծանոթացան անտառային մրգերից պահածոների եւ օղու պատրաստման նորաստեղծ արտադրամասի աշխատանքներին:

Նրանք համտեսեցին, վայելեցին արտադրամասի պահածոները եւ օղին: Ավստրիացիներին եւս մեկ անակնկալ էր սպասում, նրանք ծանոթացան Բնության համաշխարհային հիմնադրամի դրամաշնորհով գործարկված արտադրամասում, ուր թեփից, անտառի թափոններից որպես վառելափայտ օգտագործվող բրիկետներ են պատրաստում: Այդ արտադրամասը իր տեսակի մեջ միակն է Հայաստանում: Ավստրիայից ժամանած անտառատերերը եւ անտառկառավարողները ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեցին «Զիկատար» անտառային ուսուցման կենտրոնի տնօրեն Հայկ Ղուլիջանյանին :

Նրանք Կողբից մեկնեցին Թբիլիսի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում