2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի քաղաքացիները կազատվեն Հայաստան մուտքի վիզայի պահանջից։ Ճապոնիայի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի վիզայի՝ 1 տարվա ընթացքում այցելել և մնալ Հայաստանի տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, Ճապոնիայի հետ Հայաստանն ունի ջերմ հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն, 2 երկրների հարաբերությունների զարգացումը տարեցտարի արձանագրում է դրական դինամիկա, 2010թ. ՀՀ դեսպանության բացումը Տոկիոյում և 2015թ. Ճապոնիայի դեսպանության բացումը Երևանում որակապես նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը բոլոր բնագավառներում: Առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Ըստ այդմ՝ Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև՝ զբոսաշրջության խթանման համար:
ՀՀ անկախությունից ի վեր Ճապոնիան իր զարգացման պաշտոնական օգնության ծրագրերի միջոցով շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի տնտեսության զարգացմանը՝ վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության և այլ ծրագրերի միջոցով: Ճապոնիան Արևելյան Ասիայի տարածաշրջանի զարգացած երկիր է, որի համախառն ներքին արդյունքը 2016թ. կազմել է մոտ 5 տրիլիոն դոլար, իսկ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն՝ 39 հազար ԱՄՆ դոլար:
2017թ. հունվարի 1-ից Ճապոնիայի քաղացիներն ունեն ազատ մուտքի արտոնագիր կամ սահմանին այն ստանալու ընթացակարգ 172 երկիր այցելելու համար: Ճապոնիայի անձնագիրը համարվում է աշխարհում 5-րդը (կիսում է տեղը նորզելանդական և իռլանդական անձնագրերի հետ) զբոսաշրջության ազատության տեսանկյունից:
Ճապոնիայի քաղաքացիները Վրաստան այցելելու դեպքում ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից, իսկ Ադրբեջան այցելելու դեպքում՝ մուտքի արտոնագիր ստանում են սահմանին: