Կարծիքներ

Քաղաքագետը մեծ է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման հավանականությունը

2 րոպեի ընթերցում

Քաղաքագետը մեծ է համարում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման հավանականությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը մեծ է համարում հավանականությունը, որ Հայաստանն ընթացիկ տարվա նոյեմբերին կստորագրի Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Օգոստոսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետը նշեց, որ համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտներ չի տեսնում:

«Որքանով ես եմ տեղյակ, կողմերն այս պահին բանակցում են ինչ-որ տեխնիկական խնդիրների շուրջ: Քաղաքական տարակարծություններ կողմերի միջև չկան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց նա:

Հայաստանն ու Եվրամիությունը 2017 թ. մարտի 21-ին նախաստորագրել են համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ նոր համաձայնագիրը: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը նախաստորագրել են գլխավոր բանակցող, արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ինչպես նաև առևտրական հարցերով բանակցող, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը: Եվրոպական Միության անունից նախաստորագրել են գլխավոր բանակցող, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության, Ռուսաստանի, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Լյուկ Դևինը, ինչպես նաև ԵՄ կողմի առևտրի հարցերով բանակցող, Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության ստորաբաժանման ղեկավար Պետրոս Սուրմելիսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում