Հայաստանում այս տարի ստեղծվել է 2 600-ից ավելի աշխատատեղ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընթացիկ տարում ստեղծվել է 2 հազար 600-ից ավելի աշխատատեղ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

Նրա տեղեկացմամբ, թեթև արդյունաբերության ոլորտում ձեռնոցների արտադրությամբ զբաղվող «Տավուշ տեքստիլ»-ն այս տարի գործարկեց Արծվաբերդի մասնաճյուղը, ընդլայնեց Չորաթանի մասնաճյուղը, Մովսեսում ևս գործում է ընկերության մասնաճյուղը: Արդյունքում ստեղծվեց 200-250 նոր աշխատատեղ:

Այս տարի «Ալեքս տեքստիլ»-ը բացեց նոր արտադրամաս՝ ստեղծելով մոտ 300 աշխատատեղ: Սեպտեմբերին նախատեսվում է «Ալեքս տեքստիլ»-ի երկու մասնաճյուղի գործարկում, որը արդյունքում կստեղծվի ևս 500-600 աշխատատեղ:

«Խմիչքների արտադրության ոլորտում նորություններ ունեցանք: Մասնավորապես, Դիլիջանում գարեջրի գործարան գործարկվեց: Առաջիկայում Սյունիքում պահածոների գործարան կբացվի, որը լրացուցիչ նոր աշխատատեղեր կստեղծի: Ընդհանուր առմամբ, ըստ մեր կողմից համակարգած ծրագրերի, նախատեսվում է մոտ 7 հազար աշխատատեղի ստեղծում: Այս պահի դրությամբ արդեն 2 հազար 600-ից ավելի աշխատատեղեր ստեղծվել են»,-ասաց Արմեն Եգանյանը:

Նոր ընկերությունները կամ արտադրությունն ընդլայնող կազմակերպություններն արտադրանքն իրացնում են տեղում կամ արտահանում տարբեր երկրներ: Մեր այն դիտարկմանը, թե ԵԱՏՄ երկրներից միայն Ռուսաստանի հետ է գլխավոր առևտրաշրջանառությունը, իսկ մյուս անդամ երկրների հետ ավելի քիչ, Արմեն Եգանյանը նշեց, որ մյուս ուղղություններն ակտիվացնելու մասով աշխատանք տարվում է:

«Տեսեք, պետությունը ձևավորում է որոշակի միջավայր, որը հնարավորություն է տալիս բիզնեսին մրցունակ արտադրանք թողարկել և արտահանել: Պետությունը դրա համար սահմանում է ռեժիմներ՝ այլ երկրներ մուտք գործելու համար, ինչպես նաև կիրառում է որոշակի աջակցման գործիքներ: Հետևաբար` եթե Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, այդ միությունից դուրս այլ երկրների հետ մի շարք գործիքներ է սահմանում, ապա բիզնեսը պետք է ճկուն լինի, արձագանքի, ագրեսիվ քաղաքականություն վարի այս կամ այն շուկա մուտք գործելու համար»,-ասաց Արմեն Եգանյանը: Նրա խոսքով, նման գործիքների, հնարավորությունների պայմաններում էլ, բիզնեսն ինքն է որոշում, թե որ երկրի շուկա մուտք գործի: Ամեն դեպքում, Արմեն Եգանյանը նկատեց, որ բիզնեսն աշխատում է ԵԱՏՄ երկրների ուղղություններով: Ղազախական կողմի հետ փորձում են աշխատել ոսկու շուկայում, իրենց շատ հետաքրքիր է ոսկերչական աշխատանքը:

«Բիզնեսն ինքը պետք է ճկուն լինի, կազմակերպի, արձագանքի, խնդիրները բարձրացնի: Միգուցե ոմանք բավարար չափով տեղեկացված չեն ստեղծված հնարավորությունների մասին, բայց մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դիվանագիտական կորպուսը նույնպես ակտիվ ներգրավված է ապրանքների արտահանման և ներդրումներ ներգրավելու գործում:

Աննա Գզիրյան

Հայերեն العربية English Русский

Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ԵԱՏՄ ճանապարհին.  ՌԴ ԱԳՆ

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում. IDBank

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է

Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

«FlyOne Armenia»-ն գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթներ

Բուլղարիան շրջանաձև տնտեսությունը դիտարկում է որպես երկարաժամկետ ազգային առաջնահերթություն. BTA

ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր

Սիբիհան հայտնել է Հունգարիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մասին

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից վերադարձած զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել վարժական հավաքներին