Ապրիլյան պատերազմում մահացած ադրբեջանցի զինվորի նկատմամբ դատական գործ է հարուցվել
1 րոպեի ընթերցում
![Ապրիլյան պատերազմում մահացած ադրբեջանցի զինվորի նկատմամբ դատական գործ է հարուցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/896041.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ոչ բանկային վարկային Para կազմակերպությունը ապրիլյան պատերազմում մահացած ադրբեջանցի զինվոր Հալիգ Ազիզադեի դեմ դատական գործ է հարուցել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գանիր Փաշաևայի ֆեյսբուքյան գրառումը: Պատգամավորի խոսքերի համաձայն՝ զինվորը դատարան է կանչվել որպես պատասխանող կողմ:
«Արդեն մեկ ժամից ավելի է՝ զինվորի մայրը չի կարողանում հանգստանալ և լաց է լինում: Կազմակերպությունը զինվորին դատի է տվել, քանի որ նա մինչ զոհվելը վարկ է վերցրել, սակայն հիմա, երբ նա չկա, ոչ ոք չի կարողանում վճարել այդ գումարը, իսկ նրա ընտանիքը կարող է կորցնել տունն ու ամբողջ ունեցվածքը»,- գրում է պատգամավորը: