Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը պետք է համարժեք պատասխան տրվի. Ալավերդյան
2 րոպեի ընթերցում
![Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը պետք է համարժեք պատասխան տրվի. Ալավերդյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/895996.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կողմից շփման գծում սադրիչ գործողություններին պետք է համարժեք պատասխան տրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով` չպետք է լավատեսորեն մոտենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ոչ այնքան հասցեական հայտարարություններին, այլ պետք է կարողանալ նոր մոտեցում մշակել և առաջարկել ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Ադրբեջանական կողմը, թիրախավորելով մարդկանց, շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը վարել՝ սադրիչ գործողություններ իրականացնելով շփման գծում: Պետք է ի մի բերվի Ադրբեջանի վարած քաղաքականությունը և նոր մոտեցումներ առաջարկվեն ԵԱՀԿ Մինսկի խմբին»,- ընդգծեց Ալավերդյանը:
Հայաստանի առաջին օմբուդսմենի կարծիքով` հայկական կողմը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի սադրիչ գործողություններին:
«Որոշակի դեպքերում պարզապես անհրաժեշտ է, որ մենք համարժեք պատասխան տանք հակառակորդին, ոչ թե միայն պաշտպանվենք»,- նշեց Ալավերդյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը ներկայումս վարում է հիբրիդային պատերազմ` ոչ միայն ռազմական գործողություններ իրականացնելով շփման գծում, այլ նաև ԶԼՄ-ներում տարածելով ապատեղեկատվություն:
«Այս երևույթների դեմ պետք է հստակ քաղաքականություն ունենալ, թե որ հարվածի դեպքում ինչ գործողություններ իրականացնել»,- եզրափակեց Ալավերդյանը: