Կարծիքներ

Արցախի և Ադրբեջանի սահմանին լարվածության նվազեցման գործում դրական է գնահատվել Ռուսաստանի դերը. հետազոտություն

2 րոպեի ընթերցում

Արցախի և Ադրբեջանի սահմանին լարվածության նվազեցման գործում դրական է գնահատվել Ռուսաստանի դերը. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետազոտության համաձայն՝ Ռուսաստանը միակ երկիրն է, որի դերը դրական է գնահատվել Արցախի և Ադրբեջանի սահմանային գոտում լարվածության նվազեցման գործոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 21-ին կայացած ասուլիսում այս մասին ասաց հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

«Լայնածավալ պատերազմն ամենից քիչ պետք է Ռուսաստանին: Նա արդեն երկու ճակատում՝ Սիրիայում և Դոնբասում կռվում է, երրորդ ճակատը նրան պետք չէ»,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ռազմական և այլ ոլորտների փորձագետների, քաղաքական գործիչների շրջանում արված հետազոտությունների ընդհանրական արդյունքների համաձայն՝ Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը ինչ-որ առումով դրական է, քանի որ կարող է զսպիչ գործոն լինել Թուրքիայի վրա:

«Ռուսաստանը նշվել է որպես միակ երկիր, որի դերը լարվածության նվազեցման գործում դրական է գնահատվել: Իսկ լայնածավալ պատերազմ կանխատեսողների թիվը եղել է քիչ»,-եզրափակեց Գագիկ Հարությունյանը:

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է: Մինսկի խմբի համանախագահությունը զգալի դերակատարում ունի արցախյան հակամարտության խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում: Մինսկի խմբի նպատակն է ԵԱՀԿ սկզբունքների, պարտավորությունների հիման վրա ճգնաժամի խաղաղ լուծման համար մշտական քննարկման ապահովումը: ԵԱՀԿ նախագահը մանդատ է շնորհել Մինսկի խմբի համանախագահներին` բանակցային գործընթացն ապահովելու և հակամարտության կարգավորման համար համապատասխան հիմք ձևավորելու, զինված հակամարտության դադարեցման մասին կողմերի համաձայնությունը ստանալու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում