Ադրբեջանում ներքին խնդիրները քողարկելու մարտավարությունն արդեն չի աշխատում. քաղաքագետ
2 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում ներքին խնդիրները քողարկելու մարտավարությունն արդեն չի աշխատում. քաղաքագետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/06/894302.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը օրեցօր գահավիժում է, խնդիրներն այնտեղ ավելանում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Վերջին երկու տարում Ադրբեջանում մեկը մյուսի հետեւից կանխատեսելի զարգացումներ են տեղի ունենում, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ ներքին խնդիրները քողարկելու մարտավարությունն արդեն չի աշխատում, ինչը պայմանավորված է դրանց քանակով: Արդեն նախկին մեթոդներով այն չի կարողանում լուծել խնդիրները: Կարծում եմ՝ վերջին շրջանի ռեպրեսիվ ապարատի ուժեղացումը, ձերբակալությունները ցույց են տալիս, որ այդպիսի մեթոդներով փորձում են վերահսկել գործընթացները՝մինչեւ տեսնեն, թե որն է դրանց լուծումը. ի դեպ, երեկ էլ են եղել ձերբակալություններ եւ ոչ միայն քաղաքական ընդդիմախոսների»,-ընդգծեց քաղաքագետը:
Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը պատերազմ սկսելու, առավել եւս հաջողության հասնելու որեւէ ներուժ չունի:
«Հատկապես հունվարյան դիվերսիայի ձախողումից հետո Ալիեւը հասկացավ, որ իր հատուկ ուժերը պատրաստ չեն այդ սցենարին: Նա վստահություն չունի, որ կարող են հաջողության հասնել, բայց լոկալ բախումներ, ցուցադրական միջադեպեր, որոնք ավելի ակնառու կդարձնեն լարվածության աստիճանը, կլինեն, դա նաեւ կուղեկցվի քաղաքական տարբեր մակարդակներում համապատասխան տեղեկատվության տրամադրմամբ: Այս ճգնաժամային խմբի վերջին զեկույցը դրա վառ ապացուցն է: Չի ստացվում պատերազմի միջոցով լարվածության մակարդակը բարձրացնել, փորձում են նման հետազոտական կենտրոնների գնահատականները դարձնել քաղաքական գործոն»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը: