Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 9-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպման մասնակիցների պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Նախագահը նշել է, որ այսպիսի տարեկան հանդիպումները լավ հնարավորություն են ոլորտի պատասխանատուների և գործընկերների հետ մտքեր փոխանակելու ենթախմբի երկրների հետ փոխգործակցության ընթացքի և զարգացման հեռանկարի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ուղիների շուրջ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ Հայաստանի համագործակցությունը և կարևորել միջազգային ֆինանսական այդ կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունից ի վեր անցած 25 տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց շնորհիվ Հայաստանը կարողացել է երկրում ապահովել մակրոտնտեսական և ֆինանսական կայունություն՝ վարելով համակարգված հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն, ինչպես նաև իրագործել բարեփոխումներ ամենատարբեր ոլորտներում և դրա հաշվին բարձրացնել Հայաստանի տնտեսության արդյունավետությունը:

Ընդգծելով, որ Հայաստանը նախաձեռնել է երկարաժամկետ զարգացմանը միտված լրջագույն բարեփոխումներ` Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այդ բարեփոխումների շրջանակներում կշարունակվի սերտ և արդյունավետ համագործակցությունը ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ:

Հանդիպման մասնակիցները ևս գոհունակությամբ են խոսել գործընկեր Հայաստանի հետ ավելի քան երկու տասնամյակ իրականացվող փոխգործակցության մասին՝ նշելով, որ պատրաստակամ են շարունակել համատեղ աշխատանքը՝ նոր ձեռքբերումներ արձանագրելու ակնկալիքով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում