Կարծիքներ

Արաբագետների կարծիքով, Կատարի շուրջ ծավալվող լարվածությունը երկար չի ձգձգվի

3 րոպեի ընթերցում

Արաբագետների կարծիքով, Կատարի շուրջ ծավալվող լարվածությունը երկար չի ձգձգվի

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն հավանականությամբ Կատարի շուրջ ծավալվող լարվածությունը շուտով հանգուցալուծում կստանա, այն երկար չի ձգձգվի: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Կատարն ունի հակադարձելու լուրջ ռեսուրսներ: Կատարն այն պետությունը չէ, որ սպասի տեսնի, թե ինչ գործողություններ են տեղի ունենալու: Այնպես, որ լարվածությունը կշարունակվի, սակայն երկար չի տևի»,-ասաց արաբագետը:

Նա նշեց, որ այս գործընթացում Սաուդյան Արաբիայի ազդեցությունը կա: Այն ի դեմս Կատարի տեսնում է մրցակցի, ով ստվերում է Սաուդյան Արաբիայի քաղաքական ամբիցիաները, իսկ Կատարն այդ հնարավորությունն ունի: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Կատարն ամենահարուստ երկիրն է, աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում բնական գազի պաշարներով, դրանից բացի, այն տեղեկատվական լուրջ հնարավորություններ ունի: Ալ Ջազիրան ամեն օր տանում է կատարամետ գիծը:

Հաշվի առնելով այն, որ Կատարը ահաբեկչական խմբավորումներին է աջակցում, իսկ Հայաստանը Կատարի քաղաքացիների համար հանում է մուտքի վիզայի արգելը, արդյոք սպառնալիք կա մեր երկրի համար. լրագրողների հարցին ի պատասխան արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ նման սպառնալիք չկա:

«Կատարի բնակչությունը կազմում է 2.6 մլն, որից 100 հազարն է բուն երկրի քաղաքացի: Հայաստանը հանում է բուն քաղաքացիների մուտքի արգելքը: Եվ ես այստեղից մեր երկրի համար ահաբեկչական սպառնալիք չեմ տեսնում: Երբ Կատարին մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ, նկատի չունեն քաղաքացիների ներգրավվածությունը այդ գործընթացներում, այլ պետության աջակցությունը` ծայրահեղական կառույցներին: Այնպես որ, այստեղ Հայաստանը որևէ կերպ թիրախավորված չէ»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Արաբագետը նշեց, որ եթե Կատարի խնդիրը ձգձգվի, հակամարտությունը խորանա, ապա այն իր բնականոն կյանքը ապահովելու համար ստիպված պետք է ունեցած եզակի ճանապարհով լավացնի հարաբերություններն Իրանի հետ: Արմեն Պետրոսյանի կարծիքով, Կատար-Իրան տնտեսական համագործակցության շրջանակում Հայաստանը նույնպես կարող է դերակատարում ունենալ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում