«Իսլամական պետության» դեմ պայքարը պետք է ներառի նաև աշխատանք մուսուլմանական համայնքի հետ. արաբագետներ

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետները կարծում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ դեռևս ներդրված չեն, քանի որ այդ կազմակերպության կողմից ահաբեկչական գործողությունները աշխարհի տարբեր հատվածներում շարունակվում են: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Անգլիայի Մանչեսթեր քաղաքի մարզադաշտում համերգի ժամանակ «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչությանը, արաբագետ Սարգիս Գրիգորյանն ընդգծեց, որ նման գործողություններով ԻՊ-ը ցանկանում է ցույց տալ, որ մշտապես սպառնալիք են հանդիսանում և իրենց հետ պետք է հաշվի նստել:

«Ընդհանրապես հարկավոր է հաշվի նստել իսլամական ծայրահեղ արմատականության հետ, որովհետև հնարավոր է այլ կառույցներ նույնպես, այդ ահաբեկչությունների ազդեցության տակ լինելով, փորձեն ակտիվանալ Արևմուտքում: Իսկ հայտարարությունները, ահաբեկչությունների բնույթը զանգվածային կուտակման վայրերում ցույց են տալիս, որ «Իսլամական պետություն»-ը շարունակում է նման վարքագծով անհանգստցնել արևմտյան երկրներին: Նրանք ցանկանում են ցույց տալ, որ մարտահրավեր են նետում համայն աշխարհին և այն ուժային կենտրոնները, երկրները, որոնք չեն կիսում իրենց գաղափարախոսությունը, դառնալու են իրենց թիրախը: Ուստի բավականին վտանգավոր զարգացումներ են սպասվում»,- ասաց Գրիգորյանը:

Արաբագետը հավելեց, որ ԻՊ-ը նման վարքագծով ցույց են տալիս, որ թեկուզ Մերձավոր Արևելքում տարածքներ է զիջում, սակայն այլ հատվածներում փորձելու է ակտիվ պահել ջիհադական պայքարը:

Սարգիս Գրիգորյանը կարծում է, որ ԻՊ-ի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ կարող է լինել տարբեր երկրներում իսլամական համայնքների հետ ակտիվ աշխատանքը: «Ես կարծում եմ, որ այդ կառույցի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ չեն նշմարվում, հակառակ դեպքում մենք նման պատկերներ չէինք տեսնի: Ես կարող եմ ասել, որ միակ ճանապարհը բավականին քրտնաջան աշխատանքն է մուսուլմանական համայնքի հետ արևմտյան երկրներում և Մերձավոր Արևելքում: Մզկիթներում հարկավոր է լուրջ աշխատանք տանել. այդ աշխատանքը ենթադրում է իսլամի դրույթները բացատրել, հասկացնել, որ շատ վատ է որ որոշ շրջանակներ փորձում են իսլամից վերցնել այն ծայրահեղական գաղափարները, որոնց վրա կառուցում են իրենց կյանքը: Հարկավոր է հասկացնել, որ սա շատ վատ է, որ սա հակասում է մուսուլմանական կրոնին: Այս հարցին հարկավոր է շատ լուրջ վերաբերվել և այս ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակական լինեն: Հակառակ դեպքում մենք նման դրսևորումներ շարունակաբար կտեսնենք»,- ընդգծեց նա:

Արաբագետը նաև այն կարծիքին է, որ ԻՊ-ը, տարբեր կողմերից ճնշումների ենթարկվելով, փորձելու է փոխել իր մոտեցումները, որոնց մեջ ուղերձներ ենք տեսնում` ուղղված համայն մարդկությանը: Նրա խոսքով` չպետք է ուրախանալ, կամ ոգևորվել, որ այս կառույցը տարածքներ է զիջում, այլ պետք է ուշի ուշով հետևել մուսուլմանական համայնքների կյանքին և փորձել երիտասարդներին հեռու պահել նման վարքագծից:

Արաբագետ Հայկ Քոչարյանն էլ հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Մանչեսթերի ահաբեկչությունը կատարվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայում մասնակցեց հակաահաբեկչական գլոբալ կենտրոնի բացմանը, որը միտված է ահաբեկչության կանխարգելմանը: «Մանչեսթերի ահաբեկչությունը ցույց է տալիս, որ նման նախաձեռնությունները շատ հեռու են իրենց առջև դրած խնդիրները լուծելուց»,- նշում է արաբագետը:

Նրա խոսքով` «Իսլամական պետություն»-ը մեծ թվով համակիրներ ունի աշխարհի տարբեր հատվածներում, ուստի այդ կառույցի դեմ պայքարը պետք է լինի համատեղ և միասնական, շատ լուրջ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի ԻՊ-ին չեզոքացնելուն միտված համատեղ գաղափարախոսություն ու գործելաոճ ձևավորվի: «Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է շատ արագ բացահայտել և ոչնչացնել այս կառույցը սնուցող բջիջները»,- ասաց Քոչարյանը:

Արաբագետը հիշեցնում է, որ ԻՊ-ը արդեն բավականին երկար ժամանակ հռչակել է աշխարհի տարբեր հատվածներում իր համակիրների միջոցով ահաբեկչություններ իրականացնելու մարտավարությունը: Նրա խոսքով` ժամանակի ընթացքում փոխվել են ահաբեկչությունների մեթոդներն ու աշխարհագրությունը, սակայն մարտավարությունը շարունակում է նույնը մնալ:

Անգլիայի Մանչեսթեր քաղաքի ծածկած մարզադաշտում պայթյունը որոտացել Է տեղական ժամանակով ժամը 22:35-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:35-ին): Այդ րոպեներին ավարտվում էր ամերիկացի փոփ երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, որին ներկա էր մի քանի հազար մարդ, մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: Վերջին տվյալներով՝ մահացել է 22 մարդ, վիրավորվել՝ 59-ը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում