Արաբագետները կարևոր նշանակություն են տալիս Կատարի Պետություն ՀՀ Նախագահի այցին

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբագետները կարևորում են Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի այցը Կատարի Պետություն` ընդգծելով, որ Պարսից ծոցի և ընդհանրապես արաբական աշխարհի ամենաազդեցիկ երկրներից մեկի հետ տնտեսական և քաղաքական կապերի խորացումը շատ կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար:

Արաբագետ Արմեն Պետրոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ այդ այցը պետք է դիտարկել երկու հարթություններում: Առաջինը` Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունն է արաբական երկրների հետ հարաբերությունների սերտացումը, երկրորդը` այցը շատ կարևոր նշանակություն ունի հայկական սփյուռքի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման տեսանկյունից: Արմեն Պետրոսյանը կարևոր նշանակություն է տալիս նաև Կատարի Պետության հետ տնտեսական կապերի խորացմանը: «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է ակտիվացնի հարաբերությունները, հատկապես Պարսից ծոցի արաբական երկրների հետ, ինչի ականատեսը մենք լինում ենք: Առնվազն երկու ամիսների ընթացքում Հայաստանի Նախագահի երկու այց եղավ այս տարածաշրջան: Եթե չեմ սխալվում, մարտին Նախագահն այցելել էր Արաբական Միացյալ Էմիրություններ, հիմա էլ Կատարի Պետություն: Սա շատ կարևոր է, քանի որ այս երկրները և քաղաքական, և տնտեսական առումով շատ մեծ ազդեցություն ունեն ողջ տարածաշրջանում ու ընդհանրապես արաբական աշխարհում: Քաղաքական տեսանկյունից կարևոր է արաբական երկրների հետ կապերի ակտիվացումը` հաշվի առնելով այդ երկրների ազդեցությունը իսլամական աշխարհում: Տնտեսական տեսանկյունից այս այցը ևս կարևոր է, քանի որ այդ երկրները բավականին զարգացած տնտեսություն, բավականին մեծ կապիտալ ունեն տարածաշրջանային ծրագրերի տեսքով և ակտիվ համագործակցության պարագայում հնարավոր է նաև այդ ծրագրերը բերել Հայաստան: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին Հայաստանը բավական աշխույժ դերակատարություն է իրականացնում Մերձավոր Արևելքը ԵԱՏՄ անդամ երկրների և Եվրոպայի հետ կապելու ուղղությամբ և այս հարցում լուրջ քայլեր է իրականացնում»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

Նա անդրադարձավ նաև Կատարի հայկական համայնքի հնարավորություններին: Արաբագետի խոսքով` Պարսից ծոցի երկրներում հայկական համայնքները համեմատաբար նոր համայնքներ են և հիմնականում ձևավորվել են արաբական երկրներում հայկական սփյուռքի տեղաշարժերի արդյունքում: «Այդ համայնքները բավական կայացած համայնքներ են մասնագիտական առումով: Այստեղ կան առանձին ոլորտների համաշխարհային նշանակության մասնագետներ և այս առումով համայնքի հետ կապերի ակտիվացումը շատ կարևոր է այդ մասնագետների հնարավորությունները ի նպաստ Հայաստանի զարգացման օգտագործելու տեսանկյունից»,- եզրափակեց Պետրոսյանը:

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը նույնպես մեծ կարևորություն է տալիս ՀՀ Նախագահի` Կատարի Պետություն կատարած այցին` շեշտելով Կատարի դերակատարումը համաշխարհային գործընթացներում, ինչպես նաև ազդեցությունը արաբական և ընդհանրապես իսլամական աշխարհում: «Կատարն այն երկիրն է, որի հետ սերտ տնտեսական և քաղաքական հարաբերությունների հաստատումը շատ կարևոր նշանակություն ունի: Կատարի հետ հարաբերությունների ակտիվացումը Հայաստանին հնարավորություն կընձեռի ավելի լավ պատկերացնել և հասկանալ Մերձավոր Արևելքի և ընդհանրապես արաբական աշխարհի խնդիրները ու ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

Սարգիս Գրիգորյանը ողջունելի է համարում արաբական աշխարհի երկրների հետ կապերը սերտացնելուն միտված քայլերը ՀՀ իշխանությունների կողմից` ընդգծելով, որ հայ ժողովրդին և արաբական աշխարհի միջև պատմամշակութային անխզելի կապ կա և պետք է այն ավելի ամրապնդել: «Պարզ է, որ արաբական աշխարհի առանցքային պետությունների հետ մենք պետք է ակտիվացնենք հարաբերությունները: Բացի դրանից` արաբական աշխարհը մեզ մոտ է, այնտեղ բավականին լուրջ գործընթացներ են լինում, որտեղ մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը` որպես տարածաշրջանային երկիր: Ընդհանրապես ակտիվ պետք է լինենք այդ գործընթացներում: Մենք արաբական աշխարհում ունենք մեր հետաքրքրությունները. ունենք համայնք, ունենք պատմամշակութային ժառանություն արաբական երկրներում, դիվանագիտական ներկայացուցչություններ և այդ ամենը պետք էր գործի դնել տարածաշրջանային ակտիվ գործընթացների ֆոնին, ինչը Հայաստանը վերջին տարիներին իրականացնում է»,- եզրափակեց Սարգիս Գրիգորյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 14-ին պաշտոնական այց է կատարել Կատարի Պետություն: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Մայրաքաղաք Դոհայում ՀՀ Նախագահը հանդիպումներ է ունեցել «Կատար էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի, Կատարի գործարար շրջանակների և տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում