1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելայում մայիսի 17-ին ելույթ է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով classicalmusicnews.ru-ն, դաշնակահարուհին կատարելու է Շոպենի ստեղծագործությունները:
Մարիա Ղամբարյանը 91 տարեկան է: Ծնվել է Երևանում: 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, իսկ 1951-ին՝ ասպիրանտուրան: Համերգային գործունեությունը սկսել է 1951-ից, ելույթներ է ունեցել ինչպես ԽՍՀՄ տարածքում, այնպես էլ արտերկրում։ Համերգացանկում ընդգրկված են Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Սպիրիդոն Մելիքյանի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: