Տնտեսություն

Սլովակներին Հայաստանը կարող է հետաքրքրել կրոնական տուրիզմով, չեխերին լեռնագնացությամբ

2 րոպեի ընթերցում

Սլովակներին Հայաստանը կարող է հետաքրքրել կրոնական տուրիզմով, չեխերին լեռնագնացությամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխ զբոսաշրջիկներին Հայաստանը կարող է հետաքրքրել լեռնագնացության կամ էքստրեմալ տուրիզմի տեսանկյունից։ Բավականին հեռանկարային են տարածաշրջանային՝ Վրաստան-Հայաստան կամ ապագայում նաև Հայաստան-Իրան զբոսաշրջային փաթեթները։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նրա խոսքով՝ շատ բան է կախված երկրի զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացումից: «Չեխիան զարգացած զբոսաշրջային երկիր է, նախորդ տարի այդ երկիր այցելել են 31 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Չեխերն իրենք էլ են սիրում ճամփորդել, սակայն ամառային արձակուրդները նախընտրում են անցկացնել ծովափնյա պետություններում, օրինակ՝ Խորվաթիայում»,- նշեց Սեյրանյանը:

Դեսպանի դիտարկմամբ` սլովակներին Հայաստանը կարող է հետաքրքրել կրոնական տուրիզմի տեսանկյունից, իսկ չեխերին ավելի շատ կարող է հետաքրքրել լեռնագնացությունը:

«Զբոսաշրջության բնագավառում չեմ կարող չնշել Հայաստանի բարեկամ և իմ լավ ընկեր, Չեխիայի խորհրդարանի պատգամավոր, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Րոբին Բյոհնիշի դերը։ Նա տարին մի քանի անգամ այցելում է Հայաստան՝ հետը բերելով իր ընկերներին, որոնց թվում են չեխ պատգամավորներ և պաշտոնյաներ»,- հավելեց դեսպանը։

Ապրիլի 19-ին կայացել է Րոբին Բյոհնիշի հեղինակած՝ «Հայաստանը՝ լեռների, վանքերի և գինու երկիր» նկարազարդ երկլեզու (չեխերեն, անգլերեն) գրքի շնորհանդեսը, որի մի մասը նվիրված է նաև Արցախին։ Տիգրան Սեյրանյանը համոզված է, որ այն բացառիկ միջոց է հանդիսանալու Հայաստան զբոսաշրջիկներ ներգրավելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում