Հասարակական

Լճաշենի միջնակարգ դպրոցի պատվիրակությունը մասնակցել է Բեռլինի միջազգային բնապահպանական կոնֆերանսին

3 րոպեի ընթերցում

Լճաշենի միջնակարգ դպրոցի պատվիրակությունը մասնակցել է Բեռլինի  միջազգային բնապահպանական կոնֆերանսին

ԳԱՎԱՌ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Բեռլինում վերջերս կայացած երրորդ միջազգային բնապահպանական կոնֆերանսին մասնակցեց նաեւ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի պատվիրակությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Լճաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, միջազգային կոնֆերանսին մասնակցել են գերմաներենի ուսուցչուհի Ամալյա Հովհաննիսյանը, կենսաբանության ուսուցչուհի Ժաննա Ավագյանը, դպրոցի շնորհաշատ սանուհիներ Նարե Խանդանյանը, Արուսյակ Ներսիսյանը եւ Ստելլա Աֆրիկյանը:

«2015 թվականից մեր դպրոցի գերմաներենի ուսուցչուհի Ամալյա Հովհաննիսյանը համագործակցեց Բեռլինի Գյոթեի անվան ինստիտուտի հետ, անցավ մի շարք վերապատրաստման դասընթացներ, 2015 եւ 2016 թվականներին մասնակցեց Վրաստանում կայացած «Կրթություն հանուն կայուն զարգացման» խորագրով կոնֆերանսին: Կենսաբանության ուսուցչուհի Ժաննա Ավագյանի հետ համագործակցությամբ ընտրվեց նախագիծ՝ «Մաքուր պահենք Սեւանա լիճը» թեմայով: Այն իր մեջ ներառում էր մի շարք խնդիրներ՝ կապված Սեւանա լճի էկոլոգիական հիմնախնդիրների, աղտոտվածության եւ դրանից բխող մի շարք հիվանդությունների առաջացման հետ: Կազմակերպվեցին մի շարք մաքրման ակցիաներ Սեւանա լճի որոշ ափամերձ գոտիներում, որոնց ընթացքում աշակերտները կարողացան աղբի, մասնավորապես, պլաստիկ շշերի, թղթի թափոնի վերամշակման արդյունքում ստեղծել տարբեր առարկաներ, իսկ դպրոցում բացվեց ցուցահանդես «Մենք բնության սանիտարներն ենք» խորագրով: Նման ծրագրի իրականացումն էլ հիմք հանդիսացավ, որ մեր դպրոցի բնապահպանական թիմը հաղթող ճանաչվի եւ մասնակցի միջազգային բնապահպանական կոնֆերանսին»,- պատմեց դպրոցի տնօրենը: Լճաշենի դպրոցի բնապահպանական թիմը ոչ միայն գեղեցիկ տպավորություններով, ձեռք բերված գիտելիքներով ու բարձր տրամադրությամբ, պատվոգրով եւ հուշանվերներով է վերադարձել Գերմանիայի Դաշնությունից, այլ նաեւ նոր եռանդով է սկսել դպրոցամերձ տարածքի ծաղկապատման, կանաչապատման եւ ծառապատման աշխատանքները:«Նրանց մոտ ձեւավորվել է գեղագիտական ու բնապահպանական նոր ճաշակ, որով էլ ուզում են գեղեցկացնել դպրոցամերձ տարածքը: Արդեն այս օրերի ընթացքում, Գերմանիայից վերադառնալուց անմիջապես հետո, նրանք ձեռնարկել են պտղատու այգու հիմնումը՝ տնկելով ավելի քան 100 խնձորի, տանձի եւ սալորի տնկիներ»,-հավաստեց Աիդա Մուրադյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում