Կարծիքներ

Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ. ֆրանսահայ փորձագետ

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ. ֆրանսահայ փորձագետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ադրբեջանն արդեն գործածել է իր նավթի պաշարների կեսից ավելին, և հեռու չէ այն օրը, որ այս երկիրն այդ առումով այլևս հետաքրքիր չի լինի գերտերությունների համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ, նավթային հատվածի հանրաճանաչ մասնագետ, «Պետրոսթրաթեջ» խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Պետրոս Թերզյանը:

«Անցած տարի Ադրբեջանը սեփական կարիքների համար Թուրքմենստանից գազ է գնել: Եթե կառուցվող գազատարով 2019 կամ 2020 թվականին գազ ուղարկի Եվրոպա, շատ երկար տարիներ կպահանջվեն, որպեսզի կատարված ներդրումները կարողանան ետ ստանալ: Ադրբեջանում գազի ունեցած ծավալները մեծ չեն. ունեցածից 6 մլրդ խորանարդը պլանավորվում է վաճառել Թուրքիային, 10 մլրդը՝ Եվրոպային, ինչը Եվրոպայի համար քաղաքական իմաստով ոչինչ է և այլընտրանք չէ:

Մյուս կողմից՝ ադրբեջանցիները ստիպված են այդ գազը հասցնել Իտալիայի սահմանները, որովհետև արդեն ստորագրված պայմանագրերը շատ խիստ պայմաններ են թելադրում և հեռու են գազային պայմանագրերի տրամաբանությունից: Հետևաբար` Ադրբեջանի գազը մեծ գործոն չէ, հատկապես, որ ներդրումային առումով այն այնքան թանկարժեք ծրագիր է, որ շահույթը լինելու է անհամեմատ փոքր»,- հավելել է Պ. Թերզյանը:

Պ. Թերզյանի խոսքով՝ ժամանակն անվերադարձ կերպով ի վնաս Ադրբեջանի է գործում, բայց դա չի նշանակում, որ դա հօգուտ մեզ է: «Որպեսզի այդ ժամանակը մեզ համար լինի շահավետ, մենք պետք է արդյունավետ աշխատենք՝ զարգացնելով մեր երկիրը»,- ասել է Պ. Թերզյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում