Սպորտ

Ռինգի ասպետը. լրանում է Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 85-ամյակը

18 րոպեի ընթերցում

Ռինգի ասպետը. լրանում է Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 85-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ակնարկն ամերիկյան «Ասոշիեյթեդ պրես» գործակալության պատվերով գրել եմ աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի ծննդյան 40-ամյակի կապակցությամբ։ Այս օրերին, երբ լրանում է երջանկահիշատակ մարզիկի 85-ամյակը, կարծում եմ, ընթերցողին կհետաքրքրի 45 տարի առաջ գրված ակնարկը։

Շատ կան նշանավոր մարզիկներ, որոնց մասին լեգենդներ են հյուսվել։ Դրանց մեջ բռնցքամարտիկի յուրաքանչյուր հարվածը նոկաուտի է հանգեցնում, ֆուտբոլիստի ամեն մի գրոհը՝ գոլի, բասկետբոլիստի յուրաքանչյուր նետումը՝ երկու միավորի։ Այդ լեգենդներում, բնականաբար, հիշվում են միայն հաղթանակները, հերոսի համար հաճելի պահերը։ «Բանահյուսությունը» շոշափել է նաև խորհրդային նշանավոր բռնցքամարտիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և Խորհրդային Միության առաջնությունների բազմակի հաղթող Վլադիմիր Ենգիբարյանի անունը։ Ասում են, թե իր ամբողջ մարզական կյանքի ընթացքում նա ընդամենը տասը հարված է ստացել, թե նա կարող էր մի ձեռքով հաղթել ցանկացած մրցակցի, թե հոգնել չգիտեր և այլն, և այլն։ Այսօր, իհարկե, դժվար է ասել, թե այդ պատմություններում որտեղ է վերջանում ճշմարտությունը և որտեղ է սկսվում «բանահյուսությունը»։

«Ամենամեծ բռնցքամարտիկն այսօրվա սերնդի ապրողներից». միահամուռ պնդում էր համաշխարհային մամուլը Մելբուռնի օլիմպիադայում Վլադիմիր Ենգիբարյանի փայլուն հաղթանակից հետո։

«Այս բռնցքամարտիկը ռինգում կարող է անել այն ամենը, ինչ կուզենային տեսնել բռնցքամարտի ամենանուրբ գիտակ երկրպագուները». Ենգիբարյանի մասին այսպես են արտահայտվում մարզաշխարհում։

… Դյուրին չէր համընդհանուր ճանաչման հասնելը։ Դրա համար երկար ճանապարհ պիտի անցնեիր։ 14 տարեկան պատանի էր Վոլոդյա Ենգիբարյանը, երբ եկավ «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության բռնցքամարտի սեկցիա։ Մարզիչը նույնիսկ չէր ուզում վերցնել նրան, բայց հետո խղճաց. այնքան մեծ էր տղայի` կաշվե ձեռնոցներ հագնելու ցանկությունը։ Սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Էդուարդ Արիստակեսյանի խոսքով` իր սանը գրեթե հոգնել չգիտեր, մարզումների գալիս էր պարապմունքից երկու ժամ շուտ և գնում էր ամենավերջինը։ Դրա համար էլ տղաները նրան կատակով «դահլիճի պարետ» էին անվանում։

1948 թվականին 16-ամյա Վլադիմիրն առաջին անգամ դուրս եկավ համամիութենական ասպարեզ։ Մկրտությունը հաջող էր։ Նա դարձավ «Աշխատանքային ռեզերվներ» ընկերության կենտրոնական խորհրդի չեմպիոն։ Այնուհետև հաջորդեցին հաղթանակները Երևանի, ապա նաև Հայաստանն առաջնություններում։ 1951-ին դարձավ Խորհրդային Միության երրորդ բռնցքամարտիկը։ Երկու տարի անց, Եվրոպայի առաջնություններում խորհրդային բռնցքամարտիկների անդրանիկ ելույթի տարում, երևանցի մարզիկը կրկնեց այդ հաջողությունը և ստացավ ԽՍՀՄ սպորտի վարպետի արծաթափայլ կրծքանշանը։ Այդ առաջնությունում երևանցի բռնցքամարտիկը ցուցադրեց ապշեցուցիչ տեխնիկա, բացառիկ շարժունակություն, հարվածներից խուսափելու հմտություն։ Նա կարծես ռինգում պարում էր։ Թվում էր, թե ԽՍՀՄ հավաքականի մարզիչներն Ենգիբարյանին անվերապահորեն ընդգրկելու էին Վարշավա մեկնող հավաքականի կազմում։ Ցավոք, դա այնքան էլ այդպես չէր. այն ժամանակ, այսպես կոչված, «խաղային բռնցքամարտն» այնքան էլ հարգի չէր։ Մարզական պաշտոնյաները նախապատվությունը տալիս էին ուժային բռնցքամարտին՝ ով ում ավելի շատ հարված կհասցնի։ Եվ նման պայմաններում երկու տարի անընդմեջ ԽՍՀՄ առաջնություններում բրոնզե մեդալ նվաճելը մեծ հաջողություն պիտի դիտվեր։

ԽՍՀՄ հավաքականի լիիրավ անդամ դառնալու համար Վլադիմիր Ենգիբարյանը հարկադրված էր ոչ միայն ռինգում մենամարտելու իր հիմնական մրցակիցների հետ, այլ նաև հեռակա կարգով չինովնիկների դեմ, ովքեր իսկական բռնցքամարտիկ էին համարում միայն նրան, ով զորեղ բռունցքներ ուներ։ Իսկ այդ մրցակիցները չափազանց ահեղ էին։ Հիշենք, թեկուզ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Անատոլի Գրեյներին կամ վրացի բռնցքամարտիկ, ուժային բռնցքամարտի լավագույն ներկայացուցիչ Ֆրիդոն Լոմիձեին, ովքեր նույնպես հավակնում էին Վարշավայի ուղեգրի։

Ենգիբարյանին և մարզչին խորհուրդ էին տալիս փոխել մարտաոճը, հակառակ դեպքում Եվրոպայի առաջնությունը կարող էր չիրականացված երազ դառնալ։ Բայց ինչպես դավաճանել այն ոճին, որին անմնացորդ նվիրումով ծառայում էին մարզիկն ու նրա մարզիչը։ Բայց կար Վարշավա մեկնելու երազանքը։ Մարզական հավաքի ժամանակ, երբ որոշվելու էր ԽՍՀՄ հավաքականի վերջնական կազմը, Վլադիմիր Ենգիբարյանը և Էդուարդ Արիստակեսյանը «դավաճանում են» իրենց մրցաոճին, Ենգիբարյանը կերպարանափոխվում է։ Նա դառնում է իսկական «կռվարար» բռնցքամարտիկ, մեկը մյուսի ետևից հաղթում է իր հիմնական մրցակիցներին և ընդգրկվում է Խորհրդային Միության ազգային հավաքականի կազմում։ Մարզական չինովնիկները` Ենգիբարյանի գլխավոր ընդդիմախոսները, պարտված էին։ Եվրոպայի առաջնության ուղեգիրը հանձնվեց Ենգիբարյանին:

Եվ որքան էր մեծ նրա «խնամակալների», այդ թվում նաև հավաքականի մարզիչների, զարմանքը, երբ Վարշավայի ռինգում նրանք տեսան նախկին Ենգիբարյանին։

…Մարզիկը կանգնած էր գլուխը ցած պահած, բաց՝ հարվածների համար։ Մրցակիցները վճռականորեն նետվում էին գրոհի և… թմբկահարում օդը։ Մինչդեռ Ենգիբարյանի կայծակնային շրջահարվածները ձախից և աջից ավելի հաճախակի էին հասնում նպատակին։ Ստացվեց այնպես, որ հենց առաջին մենամարտում Ենգիբարյանը վնասեց ձեռքն ու աչքը։ Ձեռքի մասին նա ոչ ոքի բան չասաց։ Առանց այդ էլ իրեն մի լավ շշպռել էին «սխալ տակտիկա» ընտրելու համար։ Այդպես, վնասված աջ ձեռքով, նա հասավ կիսաեզրափակիչ, որտեղ նրան սպասում էր Լոնդոնի օլիմպիադայի բրոնզե և Հելսինկիի օլիմպիադայի արծաթե մեդալակիր լեհ բռնցքամարտիկ Ալեքս Անտկևիչը, և «…մեծ սենսացիա առաջացրեց վերջին երկու օլիմպիադաների մեդալակիր Անտկևիչի մաքուր պարտությունը չափազանց երիտասարդ խորհրդային բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանից։ Խորհրդային բռնցքամարտիկը փայլուն հաղթանակ տարավ». այսպես էր գրում «Գազետա սպորտիվ» թերթում իտալացի լրագրող Էնրիկո Մացիան։ Ենգիբարյանը խորհրդային բռնցքամարտիկներից առաջինն էր, որ արժանացավ մայր ցամաքի չեմպիոնի կոչման։ Գրեթե ամբողջ մրցաշարը նա անցկացրեց միայն ձախ ձեռքով։ Ոչ ոք այնպես էլ չիմացավ նրան տառապանք պատճառող ցավի մասին։ Երիտասարդ մարզիկը ցուցաբերեց հաղթանակի հասնելու անկոտրում կամք, պաշտպանվելու և շեշտակիորեն հակագրոհի անցնելու հմտություն։

Վլադիմիր Ենգիբարյանի հաղթանակը կրկնակի բերկրալի էր։ Չէ՞ որ նա ստիպեց ճանաչել իր՝ ենգիբարյանական մրցաոճը, որը նոր հովեր բերեց բռնցքամարտում. նրբագույն տեխնիկա՝ զուգորդված մտածված տակտիկայով, անհաղթահարելի պաշտպանություն, ապշեցուցիչ համարձակություն և շարժունակություն։

«Ենգիբարյանն ամենաբազմակողմանի և ինքնատիպ թեթև քաշայինն է, որին երբևէ հանդիպել եմ բռնցքամարտի ասպարեզում աշխատելուս բազում տարիների ընթացքում։ Նրա տակտիկան ու ստրատեգիան «անգլիական» են։ Նրա ձախը, կարծես, գործում է բիլիարդի հարվածաձողի նման՝ կտրուկ։ Իսկ երբ հարկն է, նա վարպետորեն կարճացնում է հարվածը` մրցակցի վրա տեղալով ուժգին և անվրեպ շրջահարվածներ…»։ «Ուորլդ սփորթս» հանդեսում այսպես է գրել անգլիացի մասնագետ Ջորջ Ուայթինգթոնը։

Վարշավայի հաղթահանդեսից երկու ամիս անց Վլադիմիր Ենգիբարյանը Բուխարեստում դարձավ Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն։ Իսկ դա հավասարազոր էր աշխարհի առաջնության, քանզի այն տարիներին աշխարհի առաջնություններ չէին անցկացվում։ Դրանք հետո էին լինելու։ Իսկ մինչ այդ ուսանողական օլիմպիադաներին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն մարզիկները։՜

Երեք տարի անց Ենգիբարյանը Մելբուռնում էր, որտեղ բռնցքամարտի խորհրդային դպրոցին բերեց առաջին ոսկե մեդալներից մեկը։ Բայց մինչ այդ Արևմտյան Բեռլինում տեղի էր ունեցել Եվրոպայի առաջնությունը, որից մնացած դառը հուշերը հանգիստ չէին տալիս նրան։ Այնտեղ Ենգիբարյանը, ով արդեն հանդես էր գալիս առաջին կիսամիջին քաշում, կիսաեզրափակիչում նվազագույն հաշվով մենամարտը տանուլ էր տվել Եվրոպայի չեմպիոն դարձած լեհ Լեշեկ Դրոգոշին։

Եվ ահա նրանց նոր հանդիպումը կայանալու էր Կանաչ մայրցամաքում։ Վիճակահանության քմահաճությամբ Եվրոպայի երկու ուժեղագույն բռնցքամարտիկները «ձեռնոցները խաչեցին» առաջին իսկ շրջանում։ Ենգիբարյանը համոզիչ հաղթանակ տարավ` վստահորեն ռևանշի հասնելով միջազգային ռինգում իր կրած միակ պարտության համար։ Այդ հաղթանակը նոր ուժեր ներարկեց Ենգիբարյանին, և նա մեկը մյուսի ետևից հաղթեց ֆրանսիացի Սոլյուդենին, հարավաֆրիկացի Լյուբշերին և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցն էր ամրակազմ, կաղնու պես պինդ իտալացի Նենչին։ Այս բռնցքամարտիկի հետ «կռիվ-կռիվ» չես խաղա։ Գործի դնելով իր ողջ հմտությունն ու արվեստը` Ենգիբարյանը հաղթեց նաև այդ ուժեղ մրցակցին` դառնալով լավագույններից լավագույնը։ Հավանաբար, մասնագետներն այս մենամարտն ի նկատի ունեին, երբ պնդում էին, որ Ենգիբարյանն իր ողջ մարզական կյանքում տասից ավելի հարված չի ստացել։ Ինչևէ…

Եզրափակիչ մենամարտից հետո իտալացի բռնցքամարտիկը լրագրողներին հայտարարեց. « Ես այնքան էլ չեմ ցավում պարտվելուս համար։ Այդպիսի հմուտ վարպետին պարտվելը արդյոք չի՞ նշանակում լավ դպրոց անցնել»։ Այո, Ենգիբարյանին պարտվողները գլխիկոր չէին թողնում ռինգը։ Նրանք ավելի հմտացած, լավ դաս առած էին հեռանում։

Ապա եկավ Պրահան՝ Եվրոպայի 1957 թվականի առաջնությունը։ Մրցումներին մասնակցում էին նաև Մելբուռնի օլիմպիադայի հինգ չեմպիոն։ Եվ միայն Վլադիմիր Ենգիբարյանին հաջողվեց պահպանել ուժեղագույնի կոչումը, բարձր պահել օլիմպիական չեմպիոնի հարգը։ Այստեղ Ենգիբարյանը կրկին հանդիպեց ֆրանսիացի Սոլյուդենի հետ և կրկին հաղթեց։

-Ես անկեղծորեն ցավում եմ այդ տաղանդավոր մարզիկի համար։ Եթե առաջնությունում դույզն-ինչ հարգվեր մարզական տրամաբանությունը, ապա ես և Սոլյուդենը պետք է հանդիպեինք եզրափակիչում,- այն օրերին կայացած մեր զրույցում ասաց հռչակավոր չեմպիոնը։

Ենգիբարյանը ռինգի իսկական ասպետ էր։ Պատահում էր, որ մրցակիցը բացարձակապես թույլ էր լինում, և կարելի էր մեկ-երկու հարվածով ավարտել մենամարտը։ Բայց նա երբեք այդպես չէր վարվում։ Թույլ մրցակցի հետ նա այնպես էր «աշխատում», կարծես մարզումների ժամանակ լիներ, հայացքով ցույց էր տալիս մրցակցի վրիպումները, նրա թերությունները, անգամ գրոհի «հրավիրում»։

-Երբեք չի կարելի թևաթափ անել մրցակցին։ Միայն այն, որ նա նվիրված է բռնցքամարտին, արդեն իսկ հարգանքի է արժանի։ Իսկ փորձը ժամանակի խնդիր է,-սիրում էր ասել Ենգիբարյան-մարզիկը։ Մեծ ռինգում ելույթի տարիներին արդեն իսկ նշմարվում էր Ենգիբարյան-մարզիչը։

Պրահայից երկու տարի հետո, որտեղ, ի դեպ, լավագույն տեխնիկայի համար նա արժանացավ Չեխոսլովակիայի նախագահի հատուկ մրցանակին, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքում երրորդ անգամ նվաճեց մայր ցամաքի «առաջին ձեռնոցի» տիտղոսը։ Այստեղ նորից խաչվեցին Ենգիբարյանի և Սոլյուդենի ուղիները, և կրկին ֆրանսիացի մարզիկը ռինգը թողեց գլխիկոր։ Իրոք,ճակատագրի հեգնանք…

Մելբուռնի օլիմպիադայի չեմպիոնը պատրաստ էր իր կոչումը պաշտպանել նաև Հռոմում։ Բայց բախտն այս անգամ չար կատակ խաղաց նրա հետ։ Առաջին երկու մարտերը շահելով մեծ առավելությամբ` հաջորդ փուլում նրան վնասվածքի պատճառով հանեցին մրցությունից։ Ի դեպ, նույն բախտին արժանացավ նաև նրա մրցակից լեհ մարզիկ Մարիան Կասպշիկը։ Եվ բոլորի համար անսպասելի օլիմպիական չեմպիոն դարձավ Չեխոսլովակիան ներկայացնող Բոգումիլ Նեմեչեկը, որը զգալիորեն զիջում էր թե՛ լեհ մարզիկին, թե՛,մանավանդ, Ենգիբարյանին։

Հռոմում Ենգիբարյանը հրաժեշտ տվեց մեծ սպորտին։ Ափսոս, որ չկարողացավ հաղթանակով նշանավորել իր վերջին ելույթը ռինգում։ Նա արժանի էր դրան…

Կաշվե ձեռնոցի հռչակավոր վարպետը մրցասպարեզում մնաց 15 տարի։ Այդ ընթացքում նա անցկացրեց 185 մենամարտ` հաղթելով 172-ում, որոնցից 80-ը՝ նոկաուտով կամ բացարձակ առավելությամբ։ Միջազգային ռինգում Վլադիմիր Ենգիբարյանն անցկացրեց 53 մրցամարտ, և 51 անգամ մրցավարը բարձրացրել է նրա ձեռքը։ Եթե ի նկատի ունենանք, որ նա Մելբուռնում համոզիչ ռևանշ վերցրեց Դրոգոշին պարտվելու համար, իսկ երկրորդ պարտված մենամարտում, ըստ էության, հաղթող չկար, համարձակորեն կարելի է ասել, որ աշխարհահռչակ բռնցքամարտիկն իր ողջ մարզական կարիերայի ընթացքում միջազգային ռինգում իրեն հավասարը չունեցավ։

Ձեռնոցները կախելով մեխից` Ենգիբարյանը չհեռացավ սպորտից։ Նրա նախաձեռնությամբ Երևանում ստեղծվեց պատանի բռնցքամարտիկների դպրոց, որը Հայաստանում այլ կերպ չեն անվանում, քան «Ենգիբարյանի դպրոց»։

Ենգիբարյան-բռնցքամարտիկը նվաճեց ամբողջ աշխարհի սրտերը։ Իսկ ինչպիսի՞ն կլինի Ենգիբարյան-մարզիչը։ Պետք էր արդարացնել վստահությունը։

Քանի-քանի՜ անքուն գիշերներ է նա անցկացրել, որպեսզի գտնի աշխատանքի միայն իրեն հատուկ, ճիշտ ոճը։ Նա չէր ամաչում խորհրդակցել ավագ ընկերների հետ, նրանցից սովորել մանկավարժության իմաստնություն։ Անշուշտ, հեշտ չէր մարզիչ լինելը, այն էլ, երբ քո աշակերտները 13-14 տարեկան տղաներ են, որոնք բռնցքամարտով սկսել են պարապել «Ենգիբարյան դառնալու» երազանքով։

Հիմա դպրոցն ունի 600 սան՝ չարաճճի, աղմկարար և աշխույժ պատանիներ։ Ենգիբարյան-մարզիչը հպարտանալու շատ բան ունի։ Նրա գրեթե բոլոր սաները դպրոցականներ են կամ ուսանողներ։ Իսկ սաներից ավելի քան 60-ը ստացել են բարձրագույն կրթություն։ Ենգիբարյանի հավատամքն է. «Բռնցքամարտիկը պետք է մտածի, ինտելեկտուալ զարգացում ունենա»։ Ուստի և զարմանալի չէ, որ նրա սաները, եթե անգամ բավարար գնահատական են ստանում հանրակրթական դպրոցում, զրկվում էին բռնցքամարտի դպրոց հաճախելու իրավունքից, մինչև չուղղեն այդ գնահատականը։

Դպրոցն արդեն դաստիարակել է մեծահասակների և պատանիների ԽՍՀՄ 10 չեմպիոնի, որոնց թվում է Խորհրդային Միության չեմպիոն, Խորհրդային Միության օլիմպիական հավաքականի թեկնածու Սուրեն Ղազարյանը։

Ենգիբարյանի մարզչական ուղին դեռևս հեռու է ավարտվելուց։ Նայելով նրա սաներին` հավատում ես, որ օլիմպիական չեմպիոնը դեռևս իր վերջին խոսքը չի ասել։ Եվ եթե դուք ներկա գտնվեք բռնցքամարտի մրցումներին և լսեք հաղորդավարի հայտարարությունն այն մասին, որ մենամարտողներից մեկը Հայաստանի ներկայացուցիչն է, Ենգիբարյանի սանը, ապա իմացեք՝ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն, Եվրոպայի և Խորհրդային Միության եռակի հաղթող Վլադիմիր Ենգիբարյանը դեռևս ռինգում է։

Ի դեպ, նա հիմա էլ է հաճախակի երևում ռինգում, միայն մրցավարի ճերմակ համազգեստով։ Միջազգային կարգի մրցավար Վլադիմիր Ենգիբարյանը Խորհրդային Միությունում լավագույններից մեկն է։ Նրան է վստահվել այնպիսի պատասխանատու հանդիպումների մրցավարությունը, ինչպիսիք են Եվրոպայի և Խորհրդային Միության առաջնությունները և ԽՍՀՄ գավաթի խաղարկությունը, ԽՍՀՄ բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար անցկացված մրցամարտերը, ինչպես նաև ԱՄՆ-ում, Կուբայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Գերմանիայում և այլուր կազմակերպված միջազգային մրցումները։

Ենգիբարյանը դարձյալ հավատարիմ է մնում իր նախասիրած մրցաոճին։ Բռնցքամարտը նրա համար կար և մնում է նուրբ և խելացի խաղ, թեև ոմանց համար այդ մարզաձևն առ այսօր էլ մնում է որպես բռունցքներով կռիվ։ Այդ իսկ պատճառով Ենգիբարյան-մրցավարը պայքարում է հանուն այդ մարզաձևի անաղարտության, նրա առնական գեղեցկության, հանուն այն բանի, որ ռինգում հաղթանակը տրվի միայն բարձր տեխնիկայի և տակտիկայի համար։

Ակնարկիս ավարտին կուզեի մեջ բերել հունգարացի աշխարհահռչակ բռնցքամարտիկ, այն օրերին օլիմպիական խաղերի միակ եռակի չեմպիոն Լասլո Պապի խոսքը. «Ես գիտեմ բազմաթիվ խորհրդային տաղանդավոր բռնցքամարտիկների, բայց նրանցից լավագույնը Վլադիմիր Ենգիբարյանն է։ Նա ինձ համար եղել և մնում է բռնցքամարտիկի տաղանդի չափանիշ»։

Լևոն Ազրոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում