Սպորտ

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

3 րոպեի ընթերցում

ՖԱՖ-ը բողոքում է. երկրպագուները չեն կարողանում ձեռք բերել ֆուտզալի հավաքականի խաղի տոմսերը

Երկրպագուները չեն կարողանում գնել ֆուտզալի ազգային ընտրանու առաջիկա խաղի տոմսերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրպագուների տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ փորձում է որդեգրել մի ճանապարհ, որը ենթադրում է, որ Հայաստանի հավաքականը պետք է մնա առանց երկրպագուների և խաղա դատարկ կամ կիսադատարկ տրիբունաների ներքո։

Վերջին ամիսների ընթացքում ՀՖՖ ղեկավարությունը պարբերաբար մեծ ու փոքր խոչընդոտներ է ստեղծում hայ երկրպագուների՝ մասնավորապես կազմակերպված ֆան շարժումների համար։

Առաջին դեպքը Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղի նախադեպն էր՝ FAF-ն ու Red Eagles-ը մինչև վերջին օրերը հնարավորություն չունեին ձեռք բերելու իրենց ավանդական դարձած տրիբունաների տոմսերը։ Հաջորդիվ` Լատվիայի դեմ խաղում, ֆեդերացիան հրաժարվեց հյուրերի սեկցիայից, ինչի պատճառով տասնյակ հայ երկրպագուներ, այդ թվում Հայաստանից խաղին մեկնած FAF-ի անդամներ, Ռիգայում ստիպված տոմսեր գնեցին լատվիացի երկրպագուների համար նախատեսված տեղերում։

Արդեն նախորդ տարվա ավարտին ՀՖՖ ղեկավարությունը որոշեց ֆուտզալի ազգային հավաքականին թողնել առանց երկրպագուների կազմակերպված աջակցության. Հայաստան-Դանիա խաղը կազմակերպվեց հանդիսականների ներկայության համար ամենաանհարմար վայրում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ խաղի տոմսերը վաճառքի դուրս չեկան։ Մեր համառության շնորհիվ ֆան շարժումներին հաջողվեց գտնվել մարզահամալիրում միայն հանդիպման 2-րդ խաղակեսին։

Նույն հնարքին են դիմում նաև փետրվարի 1-ի Ֆուտզալի Եվրոպայի 2026 թվականի որակավորման փուլի Հայաստան-Ալբանիա խաղի դեպքում. մի քանի օրից կայանալիք խաղի տոմսերը դեռևս չկան վաճառքում, և որևէ տեղեկություն չկա, թե երկրպագուները ինչպես կարող են ներկա գտնվել խաղին։ ՀՖՖ ղեկավարությունը պատրաստ է ֆուտզալի հավաքականին թողնել առանց կազմակերպված աջակցության՝ վախենալով, որ խաղին կարող են լինել բողոքի ակցիաներ։

Արմեն Մելիքբեկյանը և իր համակիրները պետք է հասկանան` հնարավոր չէ մշտապես թաքնվել հայկական ֆուտբոլի ողբալի իրականությունից և իրենց նույնականացնել հայկական ֆուտբոլի հետ։ Ֆուտբոլն առաջին հերթին երկրպագուներինն է, չկա ֆուտբոլ առանց երկրպագուների։ Մի խումբ անարդյունավետ կառավարիչների պատճառով չպետք է երկրպագուն զրկվի ազգային հավաքականների կողքին լինելու հնարավորությունից։

ՀՖՖ-ից պահանջում ենք սկսել Հայաստան-Ալբանիա խաղի տոմսերի բաց վաճառքը, որը թույլ կտա երկրպագուներին ներկա գտնվել խաղին և աջակցել հավաքականին»:

Ֆուտզալի ազգային ընտրանին փետրվարի 1-ին Երևանում կընդունի Ալբանիայի հավաքականին, իսկ փետրվարի 5-ին հյուրընկալվի նույն թիմին նրա հարկի տակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում