Թուրքիայում սահմանադրական բարեփոխումները ցույց տվեցին հասարակության բևեռացվածությունը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների ընդհանուր պատկերը ցույց տվեց երկրի հասարակության մասնատվածությունն ու բևեռացվածությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

«Նախկինում նույնպես այդ բևեռացվածությունը եղել է, սակայն ներկայում այն խորացվեց: Կարծում եմ, որ այդ իրավիճակն առաջիկայում դեռ տարբեր դրսևորումներ կստանա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Ներկայացնելով քվեարկության պատկերը` Լևոն Հովսեփյանը նշեց, որ այս անգամ իշխող կուսակցությունը ձախողվեց խոշոր քաղաքներում, հատկապես, Ստամբուլում, Անկարայում: Այնինչ, նախկինում այդ երկու քաղաքներում միշտ քվեարկել են հօգուտ իշխող կուսակցության: «Ոչ»-ի օգտին քվեարկել են միջերկրածովյան շրջանները, ինչպես նաև քրդերը:

Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի արտաքին քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Դիանա Յայլոյանը, ով քննարկմանը Անկարայից միացել էր տեսակապով, նշեց, որ այս ընտրություններն առանձնանում են նախորդից մի կարևոր հանգամանքով:

«Այս ընտրությունները կազմակերպվել են այնպիսի քաղաքական միջավայրում, երբ երկրում հայտարարված է արտակարգ դրություն: Նախկինում նշվում էր, որ դա շուտով կվերացվի, սակայն երեկ մեր հեռախոսներին ստացանք հաղորդագրություն այն մասին, որ արտակարգ դրությունը երկրում շարունակվելու է մի քանի ամիս ևս»,-ասաց Դիանա Յայլոյանն` ընդգծելով, որ հանրաքվեի արդյունքների հետ կապված հասարակության մի ստվար զանգված հիասթափված է:

Նա նկատեց, որ չնայած իշխող ուժի ջանքերին, այն չկարողացավ հաղթանակ տանել բարձր տոկոսով: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում տարբեր նախաձեռնությունների դեպքում Էրդողանին այլ քաղաքական ուժերի աջակցությունն է պետք լինելու:

«Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը, ով քննարկմանը Ստամբուլից միացել էր տեսակապի միջոցով, նշեց, որ այս հանրաքվեն երկրի փոքրամասնությունների առօրիայի վրա առանձնապես չի ազդի:

«Այս բարեփոխումները հատուկ մեզ համար դժվարություն չեն ստեղծում: Այսինքն` խնդիրն ընդհանուր երկրին, պետությանն է վերաբերում: Երկիրը մեծ ալեկոծումների մեջ է: Թուրքիան ուղղություն էր վերցրել դեպի Արևմուտք, ձգտում էր մոտ լինել արևմտյան բարքերին, սակայն տեսնում ենք, որ վերջին տարիներին այդ ուղղությունից լրիվ շրջված է: Դրան արձագանքում է նաև հասարակությունը: Այդ ալեկոծումները ազդում են և’ երկրի արտաքին քաղաքականության, և’ տնտեսության վրա: Ներդրողները շատ զգույշ են դարձել Թուրքիայի նկատմամբ, զբոսաշրջության գումարները զգալի նվազել են: Ահա այս ամենը հաշվի առնելով, բոլորս լուրջ մտահոգություն ունենք երկրի ապագայի նկատմամբ»,-ասաց Բագրատ Էստուկյանը` նշելով, որ Թուրքիայում հայության մեծամասնությունը «ոչ»-ի կողմնակից է:

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեով ընտրատեղամասերի 99,97 տոկոսի արդյունքներով հաղթող է ճանաչվել «այո»-ն: Սահմանադրական փոփոխություններին «այո» է ասել ընտրողների 51,41 տոկոսը, «ոչ»` 48,59 տոկոսը: Համաձայն փոփոխությունների՝ նախագահը լիազորություն է ստանում ուղղակիորեն նշանակել պետական կարևոր պաշտոնյաների՝ այդ թվում և նախարարներին: Նա իրավունք է ունենալու նշանակել մեկ կամ մի քանի փոխնախագահի: Նախագահը կարողանալու է միջամտել դատական համակարգին, նա է որոշելու հայտարարել արտակարգ դրություն, թե ոչ: Նոր փոփոխություններով՝ Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական: Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Մյուս փոփոխություններով՝ նախատեսվում է մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դարձնել 600: Պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի: Մեջլիսի և նախագահի ընտրություններն անցկացվելու են 5 տարին մեկ անգամ՝ միևնույն օրը: Սահմանադրական հանրաքվեով «այո»-ի հաղթանակի պարագայում փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2019 թվականից:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում