Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները
2 րոպեի ընթերցում
![Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/04/886213.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը` անդրադառնալով օրերս այնտեղ տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին:
«Վերջին ահաբեկչությունը մինչ այս Եգիպտոսում եղած ահաբեկչություններից տարբերվում է նրանով, որ այս անգամ Եգիպտոսում թիրախավորվել են քրիստոնեական համայնքի ներկայացուցիչները: Ինչպես գիտեք, Եգիպտոսում ունենք հայկական համայնք: Այսօր կարող ենք ասել, որ այնտեղ կոնկրետ հայերի դեմ միտված գործողություններ չկան, պարզապես հավանականությունը, որ հայերը կարող են հայտնվել ահաբեկչության թիրախում, նույնն է, ինչպես մնացած եգիպտացիների դեպքում»,-ասաց արաբագետը:
Նա նշեց, որ Եգիպտոսի դեպքում ահաբեկչական գործողություններից զատ կան ներքին չլուծված խնդիրներ: Այժմ էլ իշխանությունների կողմից իրավիճակի խստացում է նկատվում, բարձրացվում է զինվորականության դերը, որն, ըստ արաբագետի, չի նպաստի երկրի խնդիրների լուծմանը, դա բերելու է վերնախավի դոմինանտությանը:
Ապրիլի 9-ին Եգիպտոսի Տանտա և Ալեքսանդրիա քաղաքների եկեղեցիների մոտ տեղի են ունեցել պայթյուններ: Ժամեր անց պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։ Հաղորդվում է, որ տարբեր տվյալներով՝ Տանտա քաղաքի եկեղեցում պայթյունի հետևանքով զոհվել է շուրջ 30 մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել է։ Երկու պայթյուններն էլ, ոստիկանության տվյալներով, իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։