Քաղաքականություն

Հավատում ենք, որ ԵՄ-ն հաջողությամբ կհաղթահարի զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրները. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

 Հավատում ենք, որ ԵՄ-ն հաջողությամբ կհաղթահարի զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրները. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հավատում է, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մալթայում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովի ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք հավատում ենք, որ Եվրամիությունը հաջողությամբ կհաղթահարի նաև զարգացման այս փուլում իր առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները՝ շարունակելով խաղաղության, կայունության և զարգացման իր ուրույն առաքելությունը, որից կշահեն ինչպես Եվրոպայի ժողովուրդները, այնպես էլ Եվրոպայի բարեկամները»,- նշեց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ մի քանի օր առաջ եվրոպական համայնքները հանդիսավորությամբ նշեցին Հռոմի պայմանագրի 60-ամյակը, որն անհրաժեշտ պայմաններ ստեղծեց Եվրոպայի քաղաքացիների ներկա բարեկեցության և կայուն զարգացման համար: «Հայաստանում մեծ հետաքրքրությամբ են հետևում այս հոբելյանական միջոցառումներին, ինչպես նաև դրանց զուգահեռ ընթացող քննարկումներին: Եվրամիության պատմությունն առաջին հերթին խնդիրները միասնաբար լուծելու, տարաձայնությունները հաղթահարելու և, վերջապես, միասնաբար հաջողություն կերտելու օրինակ է: Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այդ առիթով իրավամբ նշել է. «Եվրոպական միության հիմնադիր հայրերը Եվրոպան չէին տեսնում որպես սոսկ արձանագրությունների և ընթացակարգերի մի ժողովածու: Նրանք այն տեսնում էին՝ որպես կենսակերպ, որպես մարդուն հասկանալու մի ձև՝ հիմնված նրա մշտագո և անօտարելի արժանապատվության վրա»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում