Արմեն Աշոտյանը հորդորում է դպրոցի տնօրեններին պիտակավորելուց առաջ սպասել իրավական մարմինների գնահատականներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դպրոցի տնօրեններին պիտակավորելուց առաջ անհրաժեշտ է սպասել իրավական մարմինների գնահատականներին: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից հրապարակված այն տվյալներին, ըստ որոնց, դպրոցների, մանկապարտեզների տնօրենները զբաղվում էին ՀՀԿ-ի օգտին ցուցակների հավաքագրմամբ: Արմեն Աշոտյանը նշեց, որ այդ հրապարակված ձայնագրությունների ուսումնասիրմամբ զբաղվում են տաբեր պետական կառույցներ` Կրթության և գիտության նախարարությունը, իրավապահները:

«Կհորդորեի, այդ մարդկանց պիտակ կպցնելուց առաջ սպասել իրավական ատյանների գնահատականներին: Այս հարցի հետ կապված մենք ունենք մեր հակափաստարկները: Այդ հասարակական կառույցը, որը գրանցված է որպես անկախ դիտորդական կազմակերպություն, հետազոտության համար թիրախավորել է ՀՀԿ-ին: Այն դեպքում, երբ այլ կուսակցություններից ևս կան մարդիկ, ովքեր տնօրեններ են աշխատում: Ինչո՞ւ իրենց նույնպես չեն ձայնագրել: Այստեղ օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող, սա հակաքարոզչություն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Արմեն Աշոտյանի խոսքով, «մեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, ՀՀ քաղաքացիներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք», եթե դա արվում է ոչ աշխատանքային ժամերին և աշխատանքային լիազորություններից դուրս: Եթե այդպես է, ապա այստեղ խախտման մասին խոսք լինել չի կարող: Եվ ցուցակ հավաքագրելը նորմալ է, բոլոր կուսակցություններն էլ ցուցակ հավաքագրում են: Ըստ նրա` չկա օրենք, որը կարող է արգելել քաղաքացիներին զբաղվել քաղաքական գործունեությամբ որոշակի շրջանակում:

«Անձամբ լսել եմ տասնյակ ձայնագրություններ, կարող եմ փաստել, որ իմ լսածների մեջ օրենքի խախտման գնահատական չկա: Ամեն դեպքում իրավական մարմինների կողմից գնահատականներ կտրվեն: Որտեղ կա խախտում, տնօրենները պետք է կրեն պատասխանատվություն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին քարոզարշավից զրկելու խոսակցություններին, ապա ես կարող եմ ասել, որ շատ ավելի լուրջ հիմքեր կան «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին դիտորդականից զրկելու, քան ՀՀԿ-ին` քարոզարշավից»,-ասաց Արմեն Աշոտյանը:

ՀՀԿ փոխնախագահը հորդորեց ամեն դեպքում զերծ մնալ դպրոցների տնօրեններին պիտակավորելուց:

«Եթե պարզվի, որ այդ մարդիկ մեղավոր չեն, ով է վերականգնելու նրանց բարի համբավը: Տասնյակ դեպքեր կան, որտեղ օրենքի խախտում չկա, բայց նրանց զրպարտում են, նրանց նկարները ֆեյսբուքում շրջանառում են: Մեր երկրի քաղաքացին պետք է պաշտպանված լինի, անկախ նրանից, թե որ դաշտում է գործում»,-ասաց Արմեն Աշոտյանը:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը հրապարակել է տեղեկություններ այն մասին, որ հանրապետության մարզերը 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրեններ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի աշխատակիցներին հեռախոսով մանրամասն պատմել են հավաքագրած ցուցակների մասին: ՀՀ կրթության և գիտության նախարարությունն էլ տեղեկացնում է, որ նախարարի պարտականությունները կատարող նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը հանդիպել է ավագ դպրոցների այն տնօրենների հետ, ում անունները հիշատակվում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած նյութում: Մանուկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցների վերոնշյալ աշխատակիցներին առնչվող ձայնագրությունների կապակցությամբ նրանք պետք է բացատրություններ ներկայացնեն ԿԸՀ։ Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները` կրթական հաստատությունները քաղաքական գործընթացներից զերծ պահելու և բացառապես օրենքի շրջանակում գործելու վերաբերյալ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում