«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն օգտագործում է Սամվել Բաբայանի ձերբակալությունը. Իսկանդարյան
3 րոպեի ընթերցում
![«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն օգտագործում է Սամվել Բաբայանի ձերբակալությունը. Իսկանդարյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/03/883938.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն օգտագործում է ցանկացած առիթ, որպեսզի մեղադրի իշխանությանը իր վրա ճնշում գործադրելու մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի ձերբակալության վերաբերյալ դաշինքի հայտարարությանը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը օգտագործում է ցանկացած առիթ մեղադրելու իշխանությանը՝ իր վրա ճնշում գործադրելու մեջ: Այսպիսի հայտարարություններ եղել են դեռևս Սամվել Բաբայանի ձերբակալությունից առաջ, թե իբր իշխանությունները խոչընդոտում են նախընտրական քարոզարշավի անցկացումը, ճնշում են գործադրում և այլն, և այլն»,- ասաց Իսկանդարյանը: Քաղաքագետի դիտարկմամբ` իրականում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը փորձում է այս քայլերով իր վարկանիշը բարձրացնել:
«Մյուս կողմից այդ դաշինքի անդամների գործողություններում զգացվում է, որ չեն պատրաստվում մտնել խորհրդարան: Նրանք բոլորը խոսում են այն մասին, որ ընտրություններից հետո են ակտիվություն ցուցաբերելու: Սա նշանակում է, որ նրանք հույս էլ չունեն, որ կհավաքեն խորհրդարան անցնելու նվազագույն շեմը: Այսպիսի դեպքեր նորանկախ պատմության մեջ շատ են եղել. «չեմ ընտրվել, ուրեմն ընտրությունները կեղծված են»,- նկատեց քաղաքագետը:
Մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնել է, որ մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն«Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվհարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են 3 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Սամվել Բաբայանը:
Կատարված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են նաև արժանահավատ տվյալներ, որ նշված զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերումը և փոխադրումն իրականացրած անձինք գործել են Սամվել Բաբայանի հետ ունեցած նախնական համաձայնությամբ և նրա պատվերով:
Ըստ փորձագետի եզրակացության՝ զենիթա-հրթիռային համալիրի բաղադրիչ կազմող «9M39» մարտական հրթիռը պիտանի է հետագա շահագործման համար և հանդիսանում է ռազմամթերք: Նախաքննությունը շարունակվում է։
Ներկայումս պարզաբանվում են զենիթա-հրթիռային համալիրի բաղկացուցիչ մասերի ձեռքբերման շարժառիթները, հնարավոր օգտագործման նպատակները, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրները։ Նախաքննությունը շարունակվում է։