Կարծիքներ

Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում. արաբագետ

3 րոպեի ընթերցում

Լոնդոնի թիրախավորումը նշանակում է  ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում. արաբագետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետության» կողմից Լոնդոնի թիրախավորումը նշանակում է ԻՊ-ի ահաբեկչական գործողությունների տարածքի ընդլայնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

«Եվրոպան իսլամականների թիրախում է: «Իսլամական պետություն»-ն իր ճյուղավորումներն է օգտագործում ազդեցիկ բռնարարքներ իրականացնելու համար: Լոնդոնում կա իսլամականների բավական լուրջ ցանց, կան հնարավորություններ այս ցանցն ակտիվացնելու և ահաբեկչություն իրականացնելու: Ինչպես տեսնում ենք՝ Լոնդոնը թիրախավորվեց, ինչը նշանակում է, որ «Իսլամական պետություն»-ն ընդլայնում է իր գործողություների տարածքը: Դրանով նրանք ցույց են տալիս, որ իրենք ի զորու են այլ հատվածներում ևս իրականացնել ահաբեկչություններ»,-ասաց արաբագետը:

Սարգիս Գրիգորյանը նշեց, որ Լոնդոնի ահաբեկչությունը եվրոպական այլ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչության շարունակությունն է: Դա «Իսլամական պետության» ընդհանուր քաղաքականության մի մասն է, որովհետև ձեռագիրն է նույնը, ընտրված մեթոդն է նույնը:

Ի՞նչ հետևանքներ կունենա այս ահաբեկչությունը Մեծ Բրիտանիայում, Մերձավոր Արևելքում: Արաբագետը նշեց, որ Մերձավոր Արևելքում ակտիվ գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկչական խմբավորման վերջին օջախը ոչնչացվելը: Նա նկատեց, որ դա ակտիվ փուլի ավարտը կլինի, ինչին կհաջորդի պասիվ փուլը, երբ իսլամականները կտարրալուծվեն և կլծվեն պարտիզանական պայքարի:

«Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիային, ապա չի բացառվում, որ հասարակության մեջ աճեն հակաիսլամական տրամադրությունները: Բայց չեմ կարծում, որ դա զանգվածային կլինի, որովհետև Մեծ Բրիտանիայում մուսուլմանների մեծ համայնք կա, կարծում եմ, խելամիտ կլինեն: Ամեն դեպքում Մեծ Բրիտանիայում հակաահաբեկչական գործողություններ կիրականացվեն, ավելի կխստացվի ռեժիմը: Նորից կրկնեմ. Լոնդոնում «Իսլամական պետության» քնած բջիջներ կան, չի բացառվում դրանց ակտիվացումը: Հետագայում չի բացառվում, որ նման բռնարարքների հանդիպենք ոչ միայն Լոնդոնում, այլև Եվրոպայի այլ քաղաքներում: Սպառնալիքը վերացված չէ», -ասաց նա:

Մարտի 22-ի ցերեկը տեղական ժամանակով 14:40-ին (Երեւանի ժամանակով 18:40-ին) տղամարդն ավտոմոբիլով կանխամտածված անցել Է Վեստմինստերյան կամրջի մայթ եւ ճզմել անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել Է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենք եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկին նստած տղամարդը դանակը ձեռքին դուրս Է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները:

Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա Է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել Է հարձակվողին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում