Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Գերմանիայում չկա մեկը, ով չիմանա հայերի մասին. Սերովբէ Օտապաշեան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Քյոլն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձան է կանգնեցվելու: Քաղաքային իշխանությունները հաստատել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող կանգնեցնելու՝ Քյոլնի Հայ համայնքի եկեղեցական վարչության կողմից հնչեցված առաջարկը: Հուշակոթողի, ապրիլի 24-ին Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է Գերմանիայի առաջնորդարանի թեմական խորհրդի ատենապետ Սերովբէ Օտապաշեանի հետ:

-Պրն Օտապաշեան, ինչու՞ հենց այդ քաղաքում է որոշվել կանգնեցնել հուշարձանը եւ ինչու հենց Բրուք Լեմբահեր Վեգ շրջանում գտնվող գերեզմանատանը:

-Գերմանիայի տարբեր քաղաքներում՝ մոտ 9-10, կան կանգնեցված հուշակոթողներ, որոնք օրհնված են եկեղեցականների կողմից: Բեռլինում ունենք երկու հուշարձան, որոնցից մեկը կրկին գերեզմանատանն է կանգնեցված. այն նվիրված է զոհված հայերի, հույների եւ ասորիների հիշատակին, այսինքն՝ այս կանգնեցվող հուշակոթողը ոչ առաջինն էր, ոչ վերջինը: Գերեզմանոցը շատ մեծ է, դրա մի մասը հատկացված է մեզ: Ինչպես գիտենք, շատ երկրներում հայկական գերեզմանոցներում նույնպես մասնավոր բաժիններ կան, որոնք նահատակների կամ ցեղասպանության զոհերին են հատկացված: Նպատակն այն էր, որ ամեն անգամ այնտեղ այցելելիս հայերը հիշեն զոհերին եւ ոչ միայն հայերը, նաեւ շատ գերմանացիներ կտեսնեն հուշարձանը, որի վրա փորագրված գրությունը պետք է լինի հայերենով եւ գերմաներենով:

-Ե՞րբ է նախատեսվում կանգնեցնել այն:

-Կարծում եմ՝ մեկ կամ երկու ամիս հետո այն արդեն կկանգնեցվի:

- Քաղաքային խորհրդում կայացված որոշման քննարկումների ժամանակ արդյո՞ք ճնշումներ եղել են հուշարձանի տեղակայման հետ կապված:

-Այո, եղան, քանի որ Քյոլնի քաղաքային խորհրդում կային մասնակից անձինք (թուրքեր) եւ նրանց հետ համագործակցող կազմակերպություններ, որոնք Թուրքիայի շահերին համապատասխան էին գործում, ի վերջո հենց խորհրդի գերմանացի անդամներ, որոնք այս կամ այն պատճառով նրանց էին հետեւում: Պետք չէ մոռանալ, որ այս գործընթացները շուրջ երկու տարի տեւեցին, բայց կուսակցությունների մեծամասնությունը մեր կողմից եղավ:

- Պրն Օտապաշեան, ի ՞նչ կասեք Գերմանիայի՝ մասնավորապես, Քյոլնի հայ համայնքի վերաբերյալ: Որքա ՞ն է հայերի թիվը, կոնկրետ ո՞ր ոլորտներում են գործունեություն ծավալում:

-Գերմանիայի հայերի թիվը տատանվում է 50-70 հազարի սահմաններում, սակայն ես վստահ չեմ թվաքանակի հարցում, քանի որ վերջին տարիներին Հայաստանից եկողների թիվը շատ է: Քյոլնի պարագայում կարող եմ ասել, որ նրանք շուրջ 8000-ն են, բայց նորից ոչ այդքան վստահ, որովհետեւ թվերը փոփոխական են: Նրանք գործունեություն են ծավալում ամենատարբեր ոլորտներում. կան մարդիկ, որ սկսել են սեփական գործ, առեւտրի խանութներ ունեցողներ, համալսարանական ոլորտներում աշխատողներ:

-Ընդհանրապես Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունումից հետո ինչպիսի՞ն են երկրում տիրող տրամադրությունները հայերի հանդեպ:

-Հայերի հանդեպ տիրող տրամադրությունները մինչեւ այսօր վատ չեն եղել: Ես գրեթե 50 տարի այստեղ եմ ապրում եւ կարող եմ ասել, որ ավելի ու ավելի է լավանում: Սկզբում, այսինքն՝ 60-ականներին շատերը հայերին չէին ճանաչում, ավելի ճիշտ քչերն էին ճանաչում, իսկ 1988-ի վերջերը, այսինքն՝ երկրաշարժից մինչեւ այսօր գրեթե չկա մեկը, ով չճանաչի հայությանը, մանավանդ Հայոց ցեղասպանության՝ նախորդ տարվա ընդունումից հետո:

-Մոտենում է ապրիլի 24-ը, ինչ-որ միջոցառումներ այդ կապակցությամբ նախատեսվո՞ւմ են:

-Ապրիլ 24-ի միջոցառումներն ամեն տարվա նման այս տարի եւս տեղի պիտի ունենան բոլոր հայ համայնքներում: Կանցկացվեն ժողովներ, որոնց կհրավիրվեն Գերմանիայի կուսակցությունների անդամներ: Հիմա դեռ մի փոքր դժվար է ներկայացնել բոլոր համայնքներում իրականացվելիք ծրագրերը:

Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի

Հայերեն English Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը