Արաբագետը մարտավարական փոփոխություններ է տեսնում ԻՊ-ի գործողություններում
2 րոպեի ընթերցում
![Արաբագետը մարտավարական փոփոխություններ է տեսնում ԻՊ-ի գործողություններում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/03/883103.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում 6 տարիների հակամարտության հետևանքով սպանվել է մոտ 320 հազար մարդ, իսկ 150 հազար մարդ անհայտ կորել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ Սարգիս Գրիգորյանը:
«Այս անկանխատեսելի և անվերահսկելի իրավիճակում մեկ բան է պարզ, որ 2017 թվականին չի հանգուցալուծվի այս հակամարտությունը, քանզի Սիրիայում դեռևս կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծումներ են պահանջում՝ սկսած «Իսլամական պետություն»-ից մինչև քրդական գործոն»,- ասաց Գրիգորյանը:
Նրա խոսքով`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փոխում է իր մարտավարությունը:
«Ահաբեկիչները փորձում են խոշոր քաղաքներից դուրս գալ և պարտիզանական կռիվների միջոցով շարունակել պայքարը: Նրանց վերջնական ոչնչացման մասին դեռևս վաղ է խոսելը: Կարծում եմ, որ «Իսլամական պետության» վերջնական ջախջախումը կլինի ոչ թե Սիրիայում, այլ Իրաքում»,- ասաց Գրիգորյանը և հավելեց, որ Իրաքի հինգ քաղաք գտնվում է ԻՊ վերահսկողության ներքո:
Սիրիական հակամարտությունը սկսվել է 2011 թվականի մարտի 15-ին: 2016թվականի փետրվարի 27-ից գործում է հրադադար, որը չի վերաբերում այն խմբավորումներին, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական։