Life

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի պրեմիերային հաշված ժամեր են մնացել. Տեսանյութ

2 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի պրեմիերային հաշված ժամեր են մնացել. Տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգի եւ տեսահոլովակի պրեմիերան կկայանա վաղը՝ մարտի 18-ին, «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից անմիջապես հետո: Հայաստանյան պատվիրակ Արծվիկը մայիսի 9-ին կկատարի ''Fly with me'' երգը՝ եվրատեսիլյան բոլոր երկրպագուներին հրավիրելով արծվային հիշարժան ճախրանքի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

''Fly with me'' երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքերի համահեղինակներ՝ Ավետ Բարսեղյան եւ Դավիթ Ծերունյան:

Երգի մեղեդային գիծը հիմնված է աշխարհի տարբեր էթնիկ երաժշտությունների առանձնահատկությունների եւ ընդհանրությունների վրա եւ զարգացնում է մրցույթի այս տարվա՝ «Տոնենք բազմազանությունը» կարգախոսը: Երգի հիմքում մի աղջկա կյանքի պատմություն է, ով մարմնավորելով ամենանվիրական զգացմունքը՝ սերը, համադրում է կյանքի տարբեր գույները եւ հավաքում աշխարհի հեքիաթները, այն պատմությունները, որոնք պատմում են մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Ընդգրկելով աշխարհի ողջ բազմազանությունը՝ աղջիկը թռչում է վեր՝ դեպի երկնային բարձունքներ, եւ դառնում արեւ, որի սերն ու լույսն ընդհանուր են բոլորի համար՝ միակը բոլորիս համար:

Տեսահոլովակում եւս պահպանված է երգի մեղեդային գիծը եւ ոճաբանորեն փորձ է կատարվել ներկայացնել տարբեր էթնիկ առանձնահատկություններ: Տեսահոլովակում ինքնատիպ բեմադրությամբ եւ լուսային էֆֆեկտների միջոցով արտացոլվել են արեւի ճառագույթները, որոնք, ինչպես երգում է նշվում, շողում են բոլորի համար նույն ջերմությամբ:

Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատոր՝ Մկրտիչ Մալխասյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան:

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում