Քաղաքագետը վստահ է՝ Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու դեպքում նրա վարքագծում փոփոխություններ կլինեն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Նարեկ Գալստյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 27-ին Հայաստանում եւ Արցախում սպասվող այցից որեւէ նորություն չի ակնկալում: Նրա խոսքով՝ այցի շեշտադրումները լինելու են նույնը, ինչ նախորդ այցի ընթացքում են եղել:

«Կասվի նույնը, նույն բարձր մակարդակով հայտարարությունները, որոնք մինչեւ այժմ եղել են, վստահության մթնոլորտի վերականգնմանն ուղղված միջոցառումներ, հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտություն եւ այլն: Ըստ էության՝ նրանք չեն էլ շեղվել այդ գծից, բայց դա որեւէ էական փոփոխություն չի էլ բերել: Հիշում ենք՝ ապրիլյան պատերազմի բախումներից հետո որոշ ժամանակ այդ բանակցային ֆոնն էր ստեղծվում, այսինքն՝ բանակցություններ էին տարվում, որպեսզի վերականգնեին բանակցային ձեւաչափը: Վիեննայում եւ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները հենց դրան էին ուղղված, բայց մենք տեսանք, որ սրան զուգահեռ ավելացավ նաեւ Արդբեջանի գործողությունների ինտենսիվությունը. ռեժիմի հաճախակի խախտում, դիվերսիաներ: Սա ցույց է տալիս, որ խնդիրը չի էլ լուծվել, այն վտանգները, որոնք կային, հիմա էլ են պահպանվում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Բանակցային գործընթացում, որն ըստ նրա՝ այս տարի եւս որեւէ լուծում չի տվել հակամարտությունում առկա բացերին, կա մեկ կարեւոր խնդիր՝ կողմերի միջեւ վստահության բացակայությունը:

«Հայկական կողմը չի կարող վստահել Ադրբեջանին՝ զուտ հիմք ընդունելով համանախագահների հայտարարությունները, ինչ-որ բանավոր երաշխիքները, թե լարվածություն չի վերսկսվի. մենք պետք է մշտապես զգոն ու պատրաստ լինենք եւ իրականում սպասենք այդպիսի գործողությունների: Վերջին շրջանի պատմությունն էլ ցույց է տալիս, որ լավագույն տարբերակը զգոնությունն է եւ ոչ թե պարզապես սպասելը, այլ հենց պատրաստ լինելը, որ Ադրբեջանը ցանկացած ժամանակ ցանկացած առիթ կարող է օգտագործել ինչ-որ հատվածում գործողություններ իրականացնելու համար: Պարզապես պետք է հասկանալ, որ նման գործողություններ էլի են լինելու, ուստի մեր անելիքը ինքներս պետք է որոշենք, այլ ոչ թե սպասենք ինչ-որ հայտարարությունների»,-նշեց Նարեկ Գալստյանը:

Նա զարմանալի է համարում այն, որ անգամ հիմնավոր ապացույցների, փաստերի առկայության դեպքում համանախագահների համար դեռեւս խնդիր է մնում մատնանշելը, թե որ կողմն է նախահարձակ լինում նման գործողությունների ժամանակ:

«Համանախագահները նշում էին, որ երկու կողմերը միմյանց են մեղադրում ռեժիմն առաջինը խախտելու մեջ, մինչդեռ մեր գործողությունները ընդամենը պատասխան էին: Հատկապես վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ակնհայտ փաստեր, ապացույցներ կան, թե ով է կատարել առաջին գործողությունը, բայց դրանք էլ են անտեսվում: Եթե հակառակորդի դիվերսիոն խմբավորման զինվորների մարմինները գտնվում են չեզոք գոտում, արդեն իսկ հասկանալի է, թե ովքեր են սկսել գործողությունները, բայց դա Ադրբեջանին սանձելու համար հիմք չեղավ: Ինչ վերաբերում է շփման գծում հետաքննական մեխանիզմների ներդրմանը, Մինսկի խումբը կոչված է ապահովելու կողմերի միջեւ երկխոսություն, այն չունի պարտադրական լիազորություններ, բայց եթե կողմերից մեկն առաջարկված գաղափարը կտրականապես մերժում է եւ անընդհատ խնդիրներ է ստեղծում, ապա դա իրականություն դառնալ չի կարող: Խնդիրը մնում է բաց, եւ արդեն տեւական ժամանակ է՝ առնվազն 4-5 տարի է՝ Հայաստանը այդ մասին բարձրաձայնում է: Եթե դրանք չեն ներդրվում, ուրեմն այդտեղ ուրիշ խնդիրներ կան, որոնք մեզնից կախված չեն»,-ասաց նա:

Քաղաքագետը կարծում է, որ թեկուզ այդ ապացույցներն անտեսվում են, բայց համանախագահները գիտեն, թե իրականում ով է նախահարձակ եղել:

«Միգուցե նրանք դա Ադրբեջանի հետ այլ հարցերում, իրենց հարաբերություններում որպես խաղաքար են օգտագործում, բայց ոչ ի նպաստ արցախյան հիմնախնդրի կարգավորման: Պարզապես հասկանալի է, որ մենք ինչ-որ բան ապացուցելու կարիք չունենք, որովհետեւ ամեն ինչ այնքան բացահայտ է թե տեսանյութերով, թե լուսանկարներով: Եթե նրանք դա որպես հիմք չեն ընդունում, ապա դա այլ հարց է: Ասում եմ՝ Մինսկի խումբը, որպես այդպիսին, այլ լիազորություններ չունի, բայց կարող են իրենց պետությունների մակարդակով պատժամիջոցներ հայտարարել Ադրբեջանի նկատմամբ մինչեւ այն պահը, քանի դեռ հետաքննական մեխանիզմները ներդրված չեն: Եթե դա տեղի ունենա, համոզված եմ՝ Ադրբեջանի վարքագծում կլինեն փոփոխություններ, հակառակ դեպքում անպատժելիության մթնոլորտից կուրացած՝ այն կշարունակի իր քաղաքականությունը»,-եզրափակեց Նարեկ Գալստյանը:

Սյուզի Մուրադյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում