Տնտեսություն

Հայաստանում տեսանելի են Նյու Յորքի ներդրումային համաժողովի արդյունքները. հետաքրքրություն կա խոշոր ծրագրերի նկատմամբ

3 րոպեի ընթերցում

Հայաստանում տեսանելի են Նյու Յորքի ներդրումային համաժողովի արդյունքները. հետաքրքրություն կա խոշոր ծրագրերի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի գործարար համաժողովի սպասված արդյունքը նախ Հայաստանի բիզնես միջավայրի և տնտեսության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն էր, այնուհետև իրական գործողությունների արձանագրումը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը: Նրա խոսքով` միջոցառումն այս երկու ուղղություններով էլ հաջողված է եղել: Մկրտչյանը նշեց, որ Հայաստանը, երկար ժամանակ չունենալով համաշխարհային մասշտաբի հասնող նմանատիպ համաժողով, առաջին անգամ այդ գործընթացի զարկը տվեց, որով մեր երկիրը ներկայացվեց որպես ներդրումային հաջող միջավայր:

«Ստացվեց այնպես, որ համաժողովի ժամկետները համընկան նոր կառավարության ձևավորման հետ, երբ պետության կողմից հստակ ընդգծվում էր Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման առաջնահերթությունը: ՀՀ նախագահը հենց համաժողովի ժամանակ նշեց այդ հանգամանքի մասին և միջազգային հանրության, ներդրողների, ինչպես նաև սփյուռքահայերի մոտ այն դրական ընդունվեց: Մենք զգացինք, որ այնտեղ շարժ կա, և մարդիկ անդրադարձ կատարեցին Հայաստանի ու նրա պոտենցիալ ներդրումային միջավայրին: Նույնիսկ կային մարդիկ, ովքեր բացասական պատկերացումներ ունեին մեր երկրի մասին, սակայն մենք համաժողովի միջոցով փոխեցինք նրանց տպավորությունները: Համաժողովից վեց ամիս հետո ես արդեն տեսնում եմ, որ Հայաստանով էլ ավելի են հետաքրքրված ներդրողներ` ոչ միայն Ամերիկայից, այլ նաև Միջին Արևելքի երկրներից, Եվրոպայից, Ռուսաստանից»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ Նյու Յորքի համաժողովից վերադառնալուց հետո բազմաթիվ ներդրողների է հանդիպել Հայատանում, ովքեր մասնակցում էին տարբեր միջոցառումների, որոնք հիմնականում վերաբերվում էին արևային էներգետիկայի ոլորտին:

Նրա վստահեցմամբ` այն նույն ընկերությունները և ներդրողները, որոնք համաժողովի ժամանակ լսել էին Հայաստանի մասին, հիմա արդեն ներկա են հայաստանյան միջոցառումներին, ինչը` վերջիվերջո կտա իր արդյունքը:

Զարգացման հիմնադարմի տնօրենը նաև ընդգծեց, որ Նյու Յորքի գործարար համաժողովի ժամանակ ներկայացված բիզնես ծրագրերի վերաբերյալ այժմ հետաքրքրություն են հայտնել մասնավոր ընկերությունները և միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ինչպիսին է Ասիական բանկը: Վերջինիս կողմից այժմ Հայաստանում մի շարք խոշոր չափերի ներդրւմների հասնող ծարգրեր են հետաքրքրում, որոնք ներկայացվել էին Նյու Յորքի գործարար համաժողովին: Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ այդ ծրագրերից մի քանիսի առաջնային փուլերն արդեն հաղթահարվել են: Նա վստահեցրեց, որ դրանցից մի քանիսի արդյունքները նկատելի կլինեն առաջիկայում:

Վահե Հակոբյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում