Կարծիքներ

Թուրք-իրանական հարաբերությունների սրացումը թուրքագետը կապում է տարածաշրջանում ուժային վերաբաշխման հետ

4 րոպեի ընթերցում

Թուրք-իրանական հարաբերությունների սրացումը թուրքագետը կապում է տարածաշրջանում ուժային վերաբաշխման հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Իրանի հարաբերությունների սրացումը պայմանավորված է տարածաշրջանում ուժային դերակատարության և վերաբաշխման գործոնով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 24-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:«Վերջին տարիներին թուրք-իրանական հարաբերությունները զարգացում ապրեցին հատկապես էներգետիկ ոլորտում: Տարածաշրջանի շահերի բախումը երկու պետությունները փորձել են կոմպենսացնել հենց այդ համագործակցության շրջանակներում: Սակայն սիրիական և իրաքյան հակամարտություններում շահերի բախումը բավական ցայտուն դրսևորվեց, և երկու պետությունների մոտեցումների ընդհանուր ձևակերպումներ գտնելու փորձը անհաջողության մատնվեց»,- ասաց թուրքագետը:

Թուրքագետը չի կարծում, որ թուրք-իրանական հարաբերությունների վատթարացումը կհանգեցնի ուղղակի բախումների, այնուամենայնիվ, թուրքագետը չի բացառում անուղղակի բախումները սիրիական և իրաքյան հակամարտությունների թատերաբեմում: Ըստ Հովսեփյանի՝ տարածաշրջանում նոր զարգացումները կապված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր ծրագրերի հետ:«Որոշակի ազդակներ կան, որ Միացյալ Նահանգները փորձում է ձևավորել հակաիրանական կոալիցիա: Թուրք-իրանական հարաբերությունների սրացմանը նպաստել է նաև այս հանգամանքը»,- ասաց թուրքագետը և հավելեց, որ չի բացառում Ադրբեջանի ընդգրկումն այդ կոալիցիայում:

Հովսեփյանի խոսքով՝ այս հարաբերությունների սրացումը լուրջ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի վրա՝ չնայած, այդուհանդերձ, տարածաշրջանի առումով որոշակի ռիսկեր և մարտահրավերներ կարող է առաջացնել, սակայն ցանկացած մարտահրավեր նաև իր հետ հնարավորություններ է բերում, և այստեղ հարցն այն է, թե ինչպես կարելի է ճկուն կերպով օգտվել այդ հնարավորություններից:«Հայաստանն այս պարագայում պետք է ակտիվորեն իրականացնի իր բոլոր ծրագրերը Իրանի հետ, ինչպես օրինակ՝ հաղորդակցային-կոմունիկացիոն ոլորտում: Իրանը վերանայում է կոմունիկացիոն իր քաղաքականությունը, և Հայաստանը այստեղ կարող է կարևոր դերակատարություն ստանձնել»,- ընդգծեց Հովսեփյանը:

Թուրքիայի և Իրանի միջև կոշտ հռետորաբանությամբ ուղեկցվող լարվածությունը սկսվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բահրեյնում ունեցած ելույթի ժամանակ Իրանին մեղադրեց Իրաքում և Սիրիայում կրոնական անհանդուրժողականություն հրահրելու և Իրաքի մասնատման ուղղությամբ աշխատանք տանելու մեջ:

Էրդողանի մեղադրանքներին ի պատասխան Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ Իրաքում Իրանի ներկայությունը հիմնված է Բաղդադի օրինական խնդրանքի վրա և նպատակ ունի պայքարել ահաբեկչության դեմ:

«Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովումն է: Այս խնդիրը չի կարող լուծվելառանց տարբերելու ահաբեկիչներին աջակցող քաոսի դերակատարներին և իրական կայունություն ցանկացողներին:

Տարածաշրջանի առաջնորդների շարքում պարոն Էրդողանը ամենից լավը պետք է իմանա տարածաշրջանում ու հատկապես Իրաքում Իրանի կառուցողական դերի մասին»,- ասված էր հայտարարության մեջ:

Դրան հաջորդեց Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի Իրանի վերաբերյալ ելույթը, երբ վերջինս մեղադրական հայտարարությամբ հանդես եկավ` մեղադրելով Թեհրանին Սիրիան և Իրաքը շիականացնելու մեջ:

Սրան ի պատասխան էլ փետրվարի 20-ին Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ և զգուշացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում