Սպորտ

Խուստուփը հայ արշավականների ամենասիրելի լեռն է

2 րոպեի ընթերցում

Խուստուփը հայ արշավականների ամենասիրելի լեռն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ լեռնագնացները, արշավականները Հայաստանի ամենագեղեցիկ գագաթ են համարում Խուստուփը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Armenian Geographic» ֆեյսբուքյան խմբում անցկացրած հարցման արդյունքում պարզվել է, որ Հայաստանի արշավասերները ամենագեղեցիկ գագաթը համարում են Խուստուփը:

« Խուստուփը հայերին առաջին հերթին գրավում է որպես Նժդեհի լեռ: Գարեգին Նժդեհի կյանքի որոշ դրվագներ կապված են այս լեռան հետ, նրան անվանում են Խուստուփի արծիվ: Նժդեհի ցանկությունն է եղել, որ իր աճյունը թաղեն Խուստուփի վրա, որպեսզի մահից հետո էլ իր հոգին հսկի Սյունյաց լեռները: Սա լեռան պատմության դրվագներից մեկն է, որը գերում է արշավականներին և կանչում դեպի Խուստուփ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը:

Վերջինիս խոսքով` գագաթը ժայռոտ է ի տարբերություն Հայաստանի շատ լեռների, հենց այդ ժայռոտ գագաթն ու գագաթից բացվող տեսարաններն են այդպես տպավորվում մարդկանց մեջ:

«Հայաստանում վերջին տարիներին նկատվում է հետաքրքրություն դեպի լեռնագնացությունը: Դա պայմանավորված է առաջին հերթին ինֆորմացիայի հասանելիությամբ: Մարդիկ սոցցանցերում տեսնում են նկարներ, կարդում են տեղեկություններ և իրենք էլ են ուզում սեփական մաշկի վրա զգալ լեռնագնացության փորձություններն ու հաճույքը: Հայկական աշխարհագրական նախագիծը վերջին տարիներին ակտիվորեն լեռնային վերելքներ է իրականացնում: Այժմ իրականացվում է «Մերն է» լեռնային նախագիծը, որի նպատակն է բարձրանալ Հայաստանի բոլոր լեռնաշղթաների ամենաբարձր գագաթները: Վերելքներից հետո տեղեկությունները տեղադրվում են armgeo.am կայքում»,-ասաց Շահբազյանը:

«Armenian Geographic» գրեթե ամեն հանգստյան օր կազմակերպում արշավներ դեպի Հայաստանի հերթական տեսարժան վայրը:

Խուստուփը Սյունիքի մարզի արևելյան մասում է, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք: Բարձրությունը 3201 մետր է։

Լուսանկարները՝Armenian Geographic-ի

Վառվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում