Կարծիքներ

Ընտրությունների նախաշեմին ամենալուրջ մրցակցությունը լինելու է ընդդիմադիր դաշտում. քաղաքագետ

2 րոպեի ընթերցում

Ընտրությունների նախաշեմին ամենալուրջ մրցակցությունը լինելու է ընդդիմադիր դաշտում. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտակա շաբաթվա ընթացքում կձեւավորվի համեմատաբար ավելի հանգիստ ներքաղաքական դաշտ, որտեղ ուժերը զբաղված կլինեն քննարկումների, որոշումների գործընթացով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Նախընտրական պայքարը մտնում է ամենահետաքրքիր փուլերից մեկը, քանի որ մինչև փետրվարի 16-ը քաղաքական ուժերը պետք է արդեն ներկայացնեն պատգամավորների ցուցակները, և կարծում եմ այս պահին քաղաքական ուժերի ներսում տեղի են ունենում տեղերի, ընտրատարածքների հետ կապված բաժանումները, ինչից հետո մենք արդեն կունենանք ակտիվ իրական քարոզչական արշավ»,-ասաց նա:

Քաղաքագետը ներքաղաքական դաշտում որեւէ լուրջ ինտրիգ այս պահին չի ակնկալում՝ չնայած չի բացառում նաեւ այն, որ կախված նախընտրական արշավի ընթացքից՝ վերջին պահին ինչ-որ քաղաքական ուժեր կարող են միավորվել և բաժանվել:

«Համենայն դեպս, ձևավորված նախընտրական դաշտ արդեն ունենք: Կարծում եմ՝ ամենալուրջ մրցակցությունը լինելու է ընդդիմադիր դաշտում, իսկ Հանրապետական կուսակցությունն ունի իր լծակները, իր ընտրազանգվածը, որին դժվար թե հավակնեն այլ քաղաքական ուժեր: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ Արթուր Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերը փորձելու են աշխատել, այսպես կոչված, համակարգային ընդդիմության դաշտում և մրցակիցներ են լինելու: Ավելի ռադիկալ և դասական ընդդիմադիր դաշտում են ՀԱԿ-ը եւ «Ելք»-ը, ինչպես նաև, ըստ իս, այդտեղ կփորձի աշխատել Սեյրան Օհանյանի քաղաքական ուժը: Հատուկ դեր է խաղում Դաշնակցությունը, որը ետխորհրդային Հայաստանում ունի իր շատ յուրօրինակ և կայուն ընտրազանգվածը»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան ապրիլի 2-ին, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում