«Նարեկացի» արվեստի միությունն սկսում է «Նարեկացի երգարան» դասընթացների շարք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նարեկացի» արվեստի միությունը, շարունակելով կյանքի կոչել ազգային նշանակություն ունեցող նոր կրթական ծրագրեր, սկսում է «Նարեկացի երգարան» խորագիրը կրող դասընթացների շարք. դրա ընթացքում ամեն ամսվա առաջին ուրբաթ օրը` ժամը 19։00-ին, ներկաները հնարավորություն կունենան սովորել և միասին երգել հայկական երգեր՝ ժողովրդական, գուսանական, հոգևոր, կոմպոզիտորական, մանկական և այլն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միությսնլրատվության և հանրության հետ կապերի բաժնից, դասընթացների շարքը հնարավորություն կտա հանրությանը ծանոթանալ ազգային երգարանի լավագույն գոհարներին, վերականգնել միասին երգելու մշակույթը, մոռացությունից փրկել սիրված և մոռացված հայկական երգեր։
Դասընթացները կանցկացվեն «Նարեկացի» արվեստի միության գեղարվեստական ղեկավար, Վիեննայի կամերային օպերային թատրոնի մեներգչուհի, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասախոս, երգչուհի Լուսինե Ազարյանի գլխավորությամբ։
Մուտքն ազատ է: