Քաղցկեղը երկրորդ տեղում է հիվանդացության ցուցանիշով. Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնը գործարկման փուլում է

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օր: Հայաստանում չարորակ նորագոյացությունների հետ կապված առկա իրավիճակն «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Ծաղիկ Վարդանյանը:

-Տիկին Վարդանյան, չարորակ նորագոյացությունների հետ կապված հանրապետությունում ինչպիսի՞ իրավիճակ ունենք: Հիվանդացության ի՞նչ տվյալներ կներկայացնեք:

-Չարորակ նորագոյացությունների հիվանդացության հետ կապված ասեմ, որ կայունացման միտում է նկատվում: Նախորդ տարի կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով և ուռուցքաբանական հիմնարկներում գրանցված չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 8 հազար 372 է: Իսկ ընդհանուր առմամբ, 2015 թվականի տարեվերջին ուռուցքաբանական հիմնարկներում դիսպանսերային հսկողության տակ գտնվող հիվանդների թիվը 40 հազար 862 է: Նույն տարվա տվյալներով՝ չարորակ նորագոյացություններից մահացության դեպքերի թիվը կազմել է 6 հազար 069: Պետք է ասեմ, որ այս ցուցանիշները 2014 թվականի համեմատ շատ չեն տարբերվում: Ընդհանուր առմամբ, կայունացում է նկատվում:

Ի դեպ, ասեմ, որ չարորակ նորագոյացությունները ոչ վարակիչ առավել տարածված հիվանդությունների շարքին են դասվում՝ զիջելով միայն սրտանոթային հիվանդություններին: Այսինքն՝ այս հիվանդությունը երկրորդ տեղում է և՛ մահացության, և՛ հիվանդացության ցուցանիշներով: Ինչ վերաբերում է տարիքային խմբերին, ապա ասեմ, որ թվերն ավելի խտացված են 40-60 տարեկանների սահմաններում, չնայած ասեմ, որ հիվանդացության երիտասարդացում նկատվում է, որն ուղիղ համեմատականի մեջ է ռիսկի գործոնների հետ՝ ծխախոտ, ալկոհոլ, քաշի ավելացում:

-Ուռուցքային ո՞ր հիվանդություններն են առավել տարածված:

-Այստեղ մենք կտարանջատենք տղամարդկանց և կանանց շրջանում տարածված ուռուցքային հիվանդությունները: Արական սեռի մոտ ամենատարածվածը թոքերի, բրոնխների, կոկորդի, շնչառական համակարգի գոյացություններն են: Դրանց հաջորդում է շագանակագեղձի քաղցկեղը: Կանանց մոտ առաջին տեղում կրծքագեղձի քաղցկեղն է, այնուհետև արգանդի վզիկի, սեռական օրգանների հետ կապված գոյացություններն են:

-Երեխաների շրջանում ի՞նչ միտում է նկատվում: Արդյո՞ք այստեղ էլ կայունացում կա:

-Այո, երեխաների շրջանում հիվանդացության տարածման տեսանկյունից իրավիճակը կայուն է, ակտիվացում չի նկատվում: Ասեմ, որ այս դեպքում առավել տարածված են արյան հիվանդությունները: Ես կցանկանայի այս համատեքստում ընդգծել մեր ձեռքբերումը՝ Արյունաբանական կենտրոնի վերազինումը, միջազգային չափանիշներին համապատասխան բուժօգնության տրամադրումը, փոխպատվաստման իրականացումը: Շատ մոտ ապագայում ունենալու ենք առաջին փոխպատվաստումը: Մասնագետները վերապատրաստվել են եվրոպական լավագույն առաջատար կլինիկաներում:

-Սովորաբար հիվանդությունները ո՞ր փուլում են հայտնաբերվում: Եվ, դուք խոսեցիք ռիսկի գործոնների մասին, կմանրամասնե՞ք:

-Ցավոք սրտի, հիվանդության հայտնաբերման գործում միայն 47 տոկոսն է բացահայտվում է առաջին և երկրորդ փուլում: 50 և ավելի տոկոսի դեպքում հիվանդությունը հայտնաբերվում է վերջին փուլերում: Այս դեպքում կանխարգելելու մասին խոսք լինել չի կարող: Այստեղ ապրելիության ցուցանիշը նվազում է: Այս առումով նախարարությունը առաջնահերթ է համարում կանխարգելումը: Նախ ռիսկի գործոնների վերահսկում և դրանց բացառում մեր ապրելակերպում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը փաստում է, որ ուռուցքային որոշ հիվանդություններ կարելի է կանխել 40-60 տոկոսով, եթե պահպանենք առողջ ապրելակերպի չափանիշները: Համար առաջին ռիսկի գործոնը ծխախոտի օգտագործումն է, որը հատկապես տղամարդկանց է վերաբերում: Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ ամեն երկրորդ չափահաս տղամարդն ակտիվ ծխող է, և տեսնում ենք, որ առաջին տեղում են շնչառական համակարգի ուռուցքները: Ալկոհոլի չարաշահումը նույնպես խնդիր է, ինչպես նաև ավելորդ քաշը, ճարպակալումը:

-Ծխելու դեմ պայքարի գործընթացում ի՞նչ միջոցառումներ եք նախատեսում, արդյո՞ք խիստ մոտեցումներ կլինեն:

-Միանշանակ, մենք պետք է հասնենք մի իրավիճակի, երբ ծխելն այդքան էլ պատվաբեր չէ: Ծխելու դեմ պայքարում Առողջապահության նախարարությունը նախատեսել է կտրուկ շեշտադրումներով ծրագրեր: Ընդհուպ, բժշկական օգնության տրամադրման գործում լինելու է առանձնացում՝ ծխողների և չծխողների: Խնդրում եմ դա չհամարել մարդու նկատմամբ բացասական վերաբերմունք, բայց եթե մենք միջոցներ են ծախսում մարդուն ստենտավորում ենք, իսկ հիվանդը շարունակում է անխնա ծխել, ապա այս դեպքում գտնում ենք, որ չծխողները պետք է ունենան մեծ արտոնություններ: Քայլեր են ձեռնարկվելու, որ հանրային վայրերում հստակ առանձնացվեն ծխողների և չծխողների սրահները:

-Դուք նշեցիք, որ ուռուցքային հիվանդությունների կանխարգելման խնդիրը համար առաջինն է: Ի՞նչ է անում նախարարությունն այդ ուղղությամբ:

-Այդ ուղղությամբ քայլեր իրականցվում են, մասնավորապես, բոլոր սկրինինգային ծրագրերում ուռուցքային բաղադրիչն առկա է: Ինչպես գիտեք, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող սկրինինգային ծրագրի մի բաղադրիչը վերաբերում է արգանդի վզիկի քաղցկեղի, տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերմանը: Կարծում եմ՝ այս ծրագիրը լինելու է շարունակական: Ծրագրին մասնակցած կանանց 6.8 տոկոսն ունի շեղումներ արգանդի վզիկի հետ կապված: Նրանք ստացել են համապատասխան բուժօգնություն, ցուցումներ: Ինչ վերաբերում տղամարդկանց, ապա ծրագրին մասնակցել է 2 հազարից ավելի մարդ, և ստացվել է այնպես, որ ամեն երկրորդ տղամարդն ունի շարունակական հսկողության կարիք: Իհարկե, այս քայլերը բավարար չեն, պետք է շարունակվի առողջ ապրելակերպի քարոզչությունը, նոր մակարդակի բերել առաջնային օղակում իրականացվող միջոցառումները: Այստեղ մենք ունենք շատ անելիքներ:

-Տիկին Վարդանյան, երևի թե ձեր պրակտիկայում շատ եք հանդիպել այնպիսի դեպքերի, երբ քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդի հարազատները հենց սկզբից ձգտում են նրան տանել արտերկիր: Ի՞նչ կասեք այդ մասին:

-Կան ախտորոշիչ ծառայություններ, որոնք առայժմ Հայաստանում չեն տրամադրվում, և շատ դեպքերում անհրաժեշտություն է լինում հիվանդին տանել դուրս: Այդ խնդրի լուծմանն է միտված Հայաստանում Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծումը: Այն արդեն գործարկման փուլում է: Ի՞նչ է այն մեզ տալու: Ինչպես գիտենք, առաջնահերթ խնդիր է համարվում ախտորոշումը: Այնպիսի հետազոտություններ կան, որոնք միջազգային չափանիշներով պարտադիր են, որի արդյունքում ստանում ենք ավելի ճշգրիտ ախտորոշում: Այո, շատ քաղաքացիներ որոշ դեպքերում ստիպված գնում են այլ երկրներ այդ ախտորոշման համար: Ահա այս կենտրոնն այդ բացը լրացնելու է: Սա համարում եմ ձեռքբերում:

Մենք ոլորտում խնդիրներ ունենք: Ես կասեի, երևի թե ամենախնդրահարույց ոլորտն է առողջապահության համակարգում: Այն բավական ծախսատար է, մենք բողոքներ ենք ստանում՝ կապված ճառագայթային բուժման հերթագրումների, դրանց ֆինանսական ծախսերի հետ: Խնդիր ունենք, չենք հերքում, այդ ամենը վերլուծում ենք, առաջիկայում գործնական քայլերը տեսանելի կլինեն:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Հայերեն English Русский

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ