Կիրո Մանոյանը խառնաշփոթ է կանխատեսում Թրամփի ներգաղթային քաղաքականության հրամանագրի պատճառով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ներգաղթային քաղաքականության վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը խառնաշփոթ իրավիճակ կարող է առաջացնել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով Թրամփի հրամանագրին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հունվարի 27-ին ստորագրած հրամանագրով 90-օրյա ժամկետով ԱՄՆ մուտքի սահմանափակումներ են մտցվում Սիրիայի, Իրաքի, Իրանի, Լիբիայի, Եմենի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների համար:

«Այս գործընթացում անորոշությունը շատ է: Մի կողմից հայտարարություն է տարածվում, որ «գրին քարտ» ունեցողներին չի վերաբերում, սակայն գործնականում եղան մարդիկ, ովքեր բախվեցին այդ խնդրին: Դրանից բացի, եթե անձն ունի ԱՄՆ-ի մուտքի վիզա, բայց այդ նշված յոթ երկրներից մեկի քաղաքացի է` միաժամանակ հանդիսանալով մեկ այլ երկրի քաղաքացի, ասվել է, որ նրանց չի վերաբերում այս հարցը: Չնայած, գործնականում նման անձինք նույնպես խնդիրներ են ունեցել: Այսինքն` այս գործընթացում պարզեցման անհրաժեշտություն կա»,-ասաց Կիրո Մանոյանը:

Նշված յոթ երկրների քաղաքացի հանդիսացող հայերը նույնպես խնդիրներ կարող են ունենալ: Եթե նրանք նշված երկրներից ԱՄՆ են գնացել այդ հրամանագրից առաջ և այս ընթացքում դուրս գան երկրից, ապա կարող են նրանց մուտքն ԱՄՆ արգելվի: Կիրո Մանոյանը նկատեց, որ եղել են դեպքեր, երբ քաղաքացին ունի օրինական փաստաթղթեր, սակայն ԱՄՆ մուտք գործելու ժամանակ դժվարությունների է հանդիպել: Կիրո Մանոյանի խոսքով՝ այդ է պատճառը, որ խորհուրդ է տրվում նշված երկրների ազգությամբ հայ քաղաքացիներին, ովքեր ԱՄՆ-ում են, առայժմ դուրս չգալ երկրից: Հակառակ դեպքում նրանք կարող են դժվարություններ ունենալ:

«Ներկայում դատական գործընթացներ են ընթանում, կարծում ենք, որ այդ ընթացքում որոշ հարցեր կարող են պարզվել»,-ասաց Կիրո Մանոյանը: Այն հարցին, թե ԱՄՆ-ում գտնվող մոտավոր որքան հայերի մասին կարող է լինել խոսքը, որոնք հնարավոր է նման խնդրի բախվել, Կիրո Մանոյանը նշեց, որ տեղեկություններ չունի:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտարարություն է տարածել` կապված նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված հրամանագրի հետ, որը նախատեսում է միառժամանակ արգելել 7 երկրի քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ: Հայտարարության մեջ հանձնախումբը նշել է, որ շարունակում է մտահոգված լինել նախագահի հրամանագրի առնչությամբ` թե ԱՄՆ քաղաքականության, թե հայ անհատների ու ընտանիքների վրա հնարավոր ազդեցության տեսանկյունից: Հայտնելով, որ իրենք խնդրի առնչությամբ կապի մեջ են Կոնգրեսի և Սպիտակ տան հետ` հանձնախումբը խորհուրդ է տվել այն հայերին, ում բարեկամները կամ ընկերները ձերբակալվել են ԱՄՆ մտնելիս կամ արգելվել է նրանց մուտքը երկիր, կապվել հանձնախմբի հետ և տեղեկացնել, թե ինչ իրադրության պայմաններում են գտնվում:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում