Կարծիքներ

Ապրիլյան պատերազմում նոր սերունդը ցույց տվեց նոր որակ. Ալավերդյան

2 րոպեի ընթերցում

Ապրիլյան պատերազմում նոր սերունդը ցույց տվեց նոր որակ. Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական բանակում ծառայելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ համանախագահ Լարիսա Ալավերդյանը: «Շնորհավորում եմ հայկական բանակում ծառայողներին, ծառայածներին, նրանց, ովքեր դեռ պետք է ծառայեն: Հայկական բանակը մեր երկրի հարատևման երաշխիքն է: Ցանկանում եմ, որ մեր բանակը օրեցօր հզորանա»,- ասաց Ալավերդյանը:

Ըստ նրա`հայկական բանակը կայացած կառույց է, որն անցել է սխրագործություններով լի ճանապարհ: «Ո′չ միայն 90-ական թվականների սխրագործություններն են, որով մենք վերադարձրեցինք հողերի մի մասը, այլև ապրիլյան քառօրյա պատերազմում մեր երիտասարդների հերոսական կռիվը: Նոր սերունդը ցույց տվեց նոր որակ և ապացուցեց, որ անկախ նրանից, թե պետությունում ինչ խնդիրներ կան, իրենք պատրաստ են գնալ մինչև վերջ՝ չխնայելով կյանքը»,- ընդգծեց Ալավերդյանը:

Վերհիշելով ապրիլյան քառօրյա պատերազմը՝ Ալավերդյանը, մասնավորապես, նշեց. «Ես պատիվ եմ ունեցել տեսնելու Թալիշում կռվող տղաների դեմքերը: Այդ ժամանակ ես համոզվեցի, որ հայ ժողովուրդը մտահոգվելու խնդիր չունի»:

Հունվարի 28-ը Հայկական բանակի կազմավորման օրն է, այն 25 տարեկան է: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում