Կարծիքներ

Հայաստանի գործարարների միության նախագահը տեքստիլ արդյունաբերության զարգացման նոր մոտեցումներ է արձանագրում

3 րոպեի ընթերցում

Հայաստանի գործարարների միության նախագահը տեքստիլ արդյունաբերության զարգացման նոր մոտեցումներ է արձանագրում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը ներդրումային ծրագրերի աշխուժացման ուղղությամբ քայլեր է տեսնում տեքստիլ արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման ոլորտներում: Նրա խոսքով՝ առանց արտասահմանյան խոշոր ներդրումների՝ Հայաստանը տնտեսական էական աճ չի ապահովի: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակումից հետո տնտեսության որ ոլորտներում է աշխուժացում նկատվել, Արսեն Ղազարյանը պատասխանեց. «Փոփոխությունների նախահիմքեր կան: Հատկապես, այս պահին ես տեսնում եմ տեքստիլ արդյունաբերության ոլորտի նկատմամբ մեր նոր մոտեցումները, քայլեր ներդրումների աշխուժացման, գյուղատնտեսական մթերքի վերամշակման ծավալների մեծացման ուղղությամբ: Ամենակարեւորը՝ քայլեր են կատարվում ներդրումների ներգրավման, ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ: Ես մի քանի անգամ ասել եմ, որ առանց դրսի խոշոր ներդրումների՝ մենք տնտեսական էական աճ չենք ապահովի»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազարյանը ողջունեց ՀՀ վարչապետի պաշտոնական այցի ժամանակ Մոսկվայում մշակված հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը: «Դա շատ կարեւոր է»,- ընդգծեց Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը:

Մոսկվայում Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ներկայությամբ հունվարի 24-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի ստորագրած համագործակցության հուշագիրը միտված է արդյունաբերության և առևտրի բնագավառում հայ-ռուսական փոխգործակցության խորացմանը: Նույն օրը երկկողմ ընդլայնված ձևաչափով հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել է հայկական կողմի առաջարկը՝ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ հիմնելու վերաբերյալ, որը հնարավորություն կտա ֆինանսավորելու Հայաստանի համար առաջնահերթ համարվող տնտեսական ճյուղերը: Ռուսական կողմն առաջարկը դրական է գնահատել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում