Կարծիքներ

Քաղաքագետն ընտրություններում «Հայկական վերածնունդ»-ի և ՀՅԴ-ի առանձին մասնակցությունն ավելի հավանական է համարում

3 րոպեի ընթերցում

Քաղաքագետն ընտրություններում «Հայկական վերածնունդ»-ի և ՀՅԴ-ի առանձին մասնակցությունն ավելի հավանական է համարում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական վերածնունդ» կուսակցությունը և Հայ Հեղափոխական դաշնակցությունը այն քաղաքական ուժերն են, որոնք ունեն իրենց կորիզային ընտրազանգվածը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Ավելի հավանական է, որ այս կուսակցությունները առանձին հանդես կգան գալիք խորհրդարանական ընտրություններին: Նրանք պայքարելու են խորհրդարանում իրենց ներկայացուցչությունը ապահովելու համար»,- նշեց Մարգարովը:

Հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ այս կուսակցությունները նվազագույն շեմը անցնելու հետո կոալիցիա կկազմեն Հանրապետական կուսակցության հետ՝ քաղաքագետը պատասխանեց.

«Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպիսի ցուցանիշ կունենա ՀՀԿ-ն: Եթե նրանք կարողանան ձեռք բերել բացարձակ մեծամասնություն, որը բավարար է լինելու կառավարության ձևավորման համար, կոալիցիայի ձևավորման հավանականությունը նվազում է։ Ինչ վերաբերում է «Հայկական վերածննդի» քաղաքական դիրքորոշումներին, ապա այստեղ առկա է այն արտահայտությունը, որը ներկայացրել է կուսակցության ղեկավարը: Այն է՝ կուսակցությունները պայքարում են, ոչ թե ընդդիմության մեջ լինելու, այլ՝ իշխանության մեջ լինելու համար: Սա ենթադրում է, որ նրանք միայնակ չեն կարող իշխանություն դառնալ, հետևաբար պետք է միանան Հանրապետականին, որ դառնան իշխանություն, կամ էլ շարունակեն իրենց՝ վերջին մի քանի տարիներին որդեգրած քաղաքականությունը»:

Ինչ վերաբերում է «Ժառանգություն» կուսակցությանը, Մարգարովը կարծում է, որ այդ կառույցը պետք է փորձի գտնել այն քաղաքական դաշնակցին, ում հետ կարող է մուտք գործելու խորհրդարան:

«Դաշինքով մասնակցելը կարող է ավելի բարձրացնել քաղաքական կյանքը շարունակելու հավանականությունը, քան առանձին մասնակցելով»,- շեշտեց Մարգարովը:

Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ Մարգարյանը, մասնավորապես, նշեց. «ՀԱԿ-ը ոչ թե մեկ կառույց է, այլ մի քանի կազմակերություններից կազմված խումբ։ Տվյալ պարագայում ենթադրությունները երկուսն են՝ եթե ՀԱԿ-ը հաշվարկելու է, որ իրենք առանձին կկարողանան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, նրանք կարող են մասնակցել, բայց տեսականորեն նրանք կարող են գուցե մտնել «Ծառուկյան դաշինքի» մեջ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում